Մատչելի հղումներ

Վաշինգտոնի Հերիթեջ հիմնադրամի ավագ վերլուծաբան Արիել Քոեն. ՛՛Նույնիսկ վատ համաձայնությունը ավելի լավ է, քան պատերազմը՝՝


Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրախորհրդի անդամակցության թեկնածու երկիր է, վերջին տարիներին իր ուշադրությունը կենտրոնացրել է տարածաշրջանի երկրների հետ տնտեսական եւ քաղաքական համագործակցությունը ընդլայնելու եւ որոշ դեպքերում, նույնիսկ շրջանային վեճերին միջամտելու աշխատանքների վրա։ Վաշինգտոնի Հերիթեջ հիմնադրամի ավագ վերլուծաբան Արիել Քոենի կարծիքով, նոր դիրքորոշումը յուրահատուկ է Թուրքիայի ներկա ղեկավարությանը , որն առավել հետաքրքրված է իր հզորությունը մահմեդական աշխարհում հաստատելու, քան ազգայնամոլությունը երկրում ամրապնդելու քաղաքականությամբ, ինչպես վարվում էին Թուրքիայի նախորդ ղեկավարները։

՛՛Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը Թուրքիայի ղեկավարությունը նկատում է, որպես պատմական շրջադարձ կատարելու յուրահատուկ հնարավորություն՝՝, ասում է Արիել Քոենը.


՝՝Կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի ներկա կառավարությունը առավել շահագրգռված է իր սեփական, այլ ոչ թե իր, այսպես ասած, ՛՛եղբոր՝՝, Ադրբեջանի կարիքների բավարարման հարցերով՝՝։


Վերլուծաբանի կարծիքով, Թուրքիան, ով դրական կապեր ունի թե՛ Վրաստանի եւ թե՛ Ադրբեջանի հետ, հավատացած է նաեւ, որ հայ-թուրքական վաղեմի թշնամանքը վերացնելով, կընդլայնի իր տնտեսական ազդեցության ոլորտը կովկասյան ամբողջ տարածաշրջանում.


՛՛Կբացվի ո՛չ միայն հայ-թուրքական սահմանը, այլ նաեւ կզարգանա տնտեսական համագործակցությունը ամբողջ տարածաշրջանում։ Հայաստանը կարող է բնական գազ ներմուծել երեք աղբյուրներից՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ Իրանից եւ թե՛ կասպյան ավազանի երկրներից։ Հայտնի է, որ էժան բնական գազի մատչելիությունը կնպաստի նաեւ քիմիական արդյունաբերության զարգացմանը, եւ եթե բնական գազի գները մատչելի են, այն կարող է կիրառվել նաեւ տրանսպորտի համակարգում՝՝։


Աշխարհի բազմաթիվ երկրներ եւ կազմակերպություններ, ներառյալ Եվրամիությունը ողջունել են հայ-թուրքական սահմանի բացման նոր նախաձեռնությունը, սակայն թե՛ Թուրքիայում եւ թե՛ Հայաստանում հասարակությունը բազմակարծիք է։ ՛՛Վերջնական արդյունքների մասին կանխագուշակումներ անելը դժվար է , սակայն հաջողության դեպքում այն կունենա մեկ այլ կարեւոր նշանակություն՝՝, ասում է վերլուծաբանը.


՛՛Առաջընթացից բացի, այս նախաձեռությունը վերահաշտեցման նմուշօրինակ է, որը կարելի կիրառել նաեւ աշխարհի բազմաթիվ այլ շրջաններում, ինչպես օրինակ Մերձավոր Արեւելքում՝ Իսրայելի եւ պաղեստինցիների կամ Հնդկաստանի ու Պակիստանի փոխհարաբերությունների կարգավորման համար։ Այն խոստանում է նաեւ տնտեսական զարգացում, որը կարող է խաղադաշտից դուրս մղել ամենածայրահեղական տարրերին, որոնք միշտ խոչընդոտում են խաղաղության հնարավորությունները՝՝։


Արիել Քոենը շեշտեց, որ թե՛ նախագահ Օբամայի վարչակազմը եւ թե՛ նախորդ ամերիկյան վարչակազմը համաձայն են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարեւորության հարցում։
՛՛Միացյալ նահանգները համոզված է, որ այն կնպաստի երկու երկրների ժողովուրդների շահերին եւ կամրապնդի տարածաշրջանային կայունությունը՝՝, ասում է վերլուծաբանը։


Առաջիկա օրերի եւ շաբաթների ընթացքում, Միացյալ Նահանգներում եւ այլուր քննարկումները կշարունակվեն հայ-թուրքական համաձայնության դրական եւ բացասական հետեւանքների մասին։ Վերլուծաբան Արիել Քոենի կարծիքով սակայն, ՛՛նույնիսկ վատ համաձայնությունը, ավելի լավ է, քան պատերազմը՛՛։

XS
SM
MD
LG