Մատչելի հղումներ

Վրաստանի պաշտպանության 41-ամյա նախարարին կփոխարինի 28-ամյա փոխնախարարը


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պաշտոնից հեռացրեց երկրի պաշտպանության նախարարին՝ հայտարարելով, թե ինքը գոհ չէ ռուս-վրացական պատերազմից մեկ տարի անց Վրաստանի բանակի մարտական պատրաստականությունից։


41-ամյա Դավիդ Սիխարուլիձեին փոխարինելու է 28-ամյա Բաչո Ախալայան, որը մինչ այժմ պաշտպանության փոխնախարարն էր, Սահակաշվիլիի եւ ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի ջերմ աջակիցը։

Փոխնախարարի պաշտոնն էր Սիխուրալիձեն զբաղեցնում անցած 8 ամիսների ընթացքում, որի գլխավոր պարտականությունը Վրաստանի բանակի վերակառուցման ընթացքը հետեւելն էր։

Մեկ շաբաթ առաջ տնտեսական զարգացման նախարար Լաշա Ժվանիայի պաշտոնանկումից հետո, Վրաստանում սա նախարարական երկրորդ փոփոխությունն է։

Ինչպես Սահակաշվիլին ասաց ազգային անվտանգության խորհրդում, ինքն ամենեւին գոհ չէ ՝՝վտանգավոր ագրեսորի կողմից որեւէ հարձակում կանխելու գործում բանակի պատրաստվածությունից՛՛։


Վրաստանի ընդդիմությունը, որը Սահակաշվիլիին մեղադրում է 2ՕՕ3 թվականի Վարդերի հեղափոխությունից հետո իշխանությունը ինքնակալական հիմքերի վրա դնելու մեջ, քննադատում է 28-ամյա Ախալայայի նշանակումը նման կարեւոր պաշտոնում, այն համարելով ՝՝մեծ սխալ ու վտանգավոր՛՛։

Հանրապետական կուսակցության նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին ասում է, թե այս նշանակումը բանակին կտա ոստիկանական վերահսկողության հնարավորություններ ու կմեծացնի բանակի կողմից միջամտություն ցուցաբերելու հնարավորությունը։


Իրավաբանական կրթություն ստացած Ախալայան, մինչեւ փոխնախարարի պաշտոնը ստանձնելը, եղել է արդարադատության նախարարության բանտի պետը։

Արդարադատության նախարարությունում Բաչո Ախալայայի պաշտոնավարության մասին խոսելով՝ Միխեիլ Սահակաշվիլին ասում է, թե միակ երկիրն աշխարհում, որտեղ հանցագործ աշխարհի ղեկավարները չեն տիրում բանտերում, Վրաստանն է, ինչին երկիրը հասել է Ախալայայի շնորհիվ։


Պատերազմից հետո Վրաստանի բանակի հրամանատարական անձնակազմում անցած մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել մի քանի փոփոխություն, ինչը վերլուծաբաններից շատերը համարում են պաշտպանության նախարարությունում ու բանակային ուժերում տարբեր խմբավորումների միջեւ առկա հակասությունների հետեւանք։

XS
SM
MD
LG