Մատչելի հղումներ

Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի շուրջ սկսել բանակցություններ


՝՝Բանակցություններն առանց նախապայմանների՛՛ Թեհրանի դիրքորոշումն է, հայտարարեց ՄԱԿ-ի միջուկային գործակալությունում Իրանի դեսպանորդ Ալի Ասղար Սոլթանիեն՝ հավելելով, թե որեւէ բանակցություն պիտի հենված լինի փոխադարձ հարգանքի վրա։


ԱՄՆ-ը Իրանին տվել էր մինչեւ սեպտեմբեր ամիսը ժամանակ՝ ընդունելու այն փաթեթը, ըստ որի Իրանը կստանա փոխհատուցում, եթե հրաժարվի միջուկային իր ծրագրերից։ Հակառակ դեպքում, Իրանը կկանգնի ավելի խիստ պատժամիջոցների առջեւ, չնայած շարունակ պնդում է, որ միջուկային իր ծրագրերն ունեն միայն խաղաղ նպատակ։


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադն ավելի վաղ հայտարարել էր, թե իր նոր կառավարությունը որդեգրելու է ավելի կարծր դիրքորոշում Արեւմուտքի նկատմամբ՝ ՝՝ծնկի բերելու համաշխարհային գոռոզությունը՛՛։


Իրանի միջուկային ծրագրերին առնչվող կետը դարձավ նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Իսրայելի նրա պաշտոնակից Շիմոն Պերեսի հանդիպման օրակարգի գլխավոր հարց։


Ռուսաստանն օգնում է Իրանին կառուցել միջուկային կարողություններ, Իսրայելը՝ ցանկանում կասեցնել Իրանի միջուկային ծրագրերը։

XS
SM
MD
LG