Մատչելի հղումներ

Զինված ցուցարարներ՝ նախագահ Օբամայի ելույթի ժամանակ


ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի ոստիկանությունը հայտնում է, որ նախորդ օրն այստեղ երկրի նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ մի քանի ցուցարար նույն շենքի առջեւ կրում էին հրազենային զենքեր։

Բողոքի ցույցի մասնակիցները փաստորեն օգտվում էին նահանգային այն օրենքից, որը թույլ է տալիս մարդկանց բացահայտ կերպով կրել զենք։ Ցուցարարներից մեկը ռազմական ոճի մի հրացան էր ցուցադրաբար կրում իր ուսերին։

Ոստիկանությունն ամբողջ այս ընթացքում, երբ Օբաման հանդես էր գալիս պատերազմի վետերանների առջեւ, ուշադրությամբ հետեւում էր զինված ցուցարարներին։

Ի դեպ, զինված ցուցարարները վերջին ժամանակներս հաճախ են երեւում այն վայրերում, որտեղ հանդիպումներ է անցկացնում նախագահը։ Անցյալ շաբաթ Նյու Հեմփշիրում նման մի հանդիպման ժամանակ բոլորի ուշադրությունը գրավել էր հրացանը ոտքին կապած մի մարդ։
Նյու Հեմփշիրում նույնպես օրենքը թույլ է տալիս ազատ կերպով կրել հրազեն։
Այնպես որ, ոստիկանությունը չի ձերբակալել նշված ցուցարարներից եւ ոչ մեկին։

Իսկ ցուցարարներին այստեղ էր բերել առողջապահական համակարգը փոփոխության ենթարկելու նախագահ Օբամայի ծրագիրը։

XS
SM
MD
LG