Մատչելի հղումներ

Հյուսիսային Ամերիկայի երկրների գագաթաժողովը Գուադալաջարայում


Մեքսիկայի Գուադալաջարա քաղաքում տեղի ունեցավ Հյուսիսային Ամերիկայի ղեկավարների գագաթաժողովը, որի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Քալդերոնը եւ Կանադայի վարչապետ Ստիվըն Հարփըրը քննարկեցին հարցեր համաշխարհային տնտեսության, անվտանգության եւ Էյջ մեկ Էն մեկ գրիպի դեմ պայքարի մասին։

Վաշինգտոնի Հյուսիսային Ամերիկայի ուսումնասիրությունների կենտրոնի համանախագահ Ռոբերտ Պաստորի համաձայն, խորհրդաժողովը կենտրոնացել է Հյուսիսային Ամերիկայի երկրների տնտեսությունը առավել մրցունակ դարձնելու հարցի վրա։

՛՛Երեք երկրների տնտեսություններն էլ շատ տկար վիճակում են։ Դրական առաջադիմություն տեղի կունենա, եթե այս երկրները կարողանան ընդլայնել համագործակցությունն ու երկխոսությունը՝՝, ասել է Ռոբերտ Պաստորը ։

Գագաթաժողովի գլխավոր թեմաներից էր նաեւ երեք երկրներին փոխկապակցող առեւտուրը։ Նախագահ Օբաման անցյալում հորդորել էր վերաբանակցել Հյուսիսային Ամերիկայի ազատ առեւտրի , այն է՝ ՆԱՖՏԱ-ի պայմանագրի շուրջ։ Սակայն այժմ նա խոսում է ՆԱՖԹԱ-ի իրագործման լավագույն ուղիներ գտնելու մասին միայն.

՝՝Ես ընդունում եմ Կանադայի մտահոգությունները ՆԱՖԹԱ-ի առնչությամբ, հաշվի առնելով Կանադա-ամերիկյան առեւտրի կարեւորությունը Կանադայի տնտեսության համար։ Ես Կանադայի վարչապետին հավաստիացրել եմ, որ հետաքրքրված եմ առեւտրի ծավալման, այլ ոչ թե կրճատման հարցով,՝՝ ասել է նախագահ Օբաման։

Հյուսիսային Ամերիկայի երկրների գագաթաժողովում վիճահարույց հարցերից մեկն առնչվում է ամերիկյան տնտեսության խթանիչ ծրագրի այն պարբերությանը, որը հորդորում է, որ ամերիկյան պետական օգնությունից օգտվող հանրային ծրագրերում օգտագործվեն միայն ամերիկյան արտադրության ապրանքներ։

Հյուսիսային Ամերիկայի երկրները հետաքրքրված են նաեւ էներգիայի եւ բնական միջավայրի վերաբերյալ հարցերում համագործակցության հեռանկարներով։ Կանադայի վարչապետը այդ քննարկումներին անդրադարձել էր դեռեւս անցյալ փետրվարին, Օտտավայում, Օբամայի հետ ունեցած հանդիպման ընթացքում։

՛՛Մենք հիմնում ենք Կանադա-ամերիկյան երկխոսություն՝ էներգիայի մաքուր աղբյուրների վերաբերյալ, որը կնպաստի ջերմոցային գազերի նվազեցմանն ու կլիմայական փոփոխությունների կասեցմանը,՝՝ ասել էր Կանադայի վարչապետ Ստիվըն Հարփըրը։

Գագաթաժողովի հրատապ հարցերի թվում էր նաեւ Էյջ մեկ Էն մեկ գրիպի հարցը։

՛՛Նրանք կիսել են տեղեկություններ, գործում են միասին, համագործակցելով ոչ միայն միմիանց, այլեւ ամբողջ աշխարհի հետ՝՝, ասել է Առողջապահության Պան Ամերիքըն կազմակերպության տնօրեն Միրտա Ռոսես Պերիագոն։

Իսկ Ռոբերտ Պաստորն ասել է, թե Հյուսիսային Ամերիկայի երկրների միջեւ համագործակցությունն կնպաստի խոզի գրիպի դեմ պայքարի հաջորդ փուլի իրականացմանը։

՛՛Մեքսիկայի, Կանադայի եւ Միացյալ Նահանգների միջեւ համագործակցությունը ընդդեմ խոզի գրիպի գերազանց էր եւ կարծում եմ, որ դրվել է այն հիմքը, որի վրա կշարունակվի այդ համագործակցությունը՛՛, ասել է նա։

Երեք երկրների գագաթաժողովում քննարկվել են նաեւ Հոնդուրասում եւ Վենեսուելայում առկա շրջանային խնդիրները, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերին առնչվող մտահոգությունները եւ Միացյալ Նահանգների ներգաղթի քաղաքականությունը։

XS
SM
MD
LG