Մատչելի հղումներ

Ռուսաստանն ու Թուրքիան կնքեցին ՝՝Հարավային Հոսանք՛՛ գազատարի մասին պայմանագիր


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեչեփ Էրդողանի հետ ստորագրեց այս երկրին պատկանող ստորջրյա տարածքներով իր երկրի բնական գազը դեպի Եւրոպա արտահանելու մասին համաձայնագիր։
Գործարքի նպատակը նաեւ եւրոպական շուկաներում ռուսական գազի 25 տոկոսի մակարդակի պահպանումն է։ Կնքված գործարքը զարկ կտա նաեւ էներգետիկ աղբյուրներ արտահանող հանգույց դառնալու Թուրքիայի նկրտումներին։


Գործարքը, որն ունի ՝՝Նաբուկո՛՛-ի շինարարությունը կասեցնելու ունակություն, մեծ հաջողություն է Ռուսասատնի համար ու նոր հաղթանակ, ասում են վերլուծաբանները, ովքեր այն կարծիքն են հայտնում, թե այն կարեւոր է նաեւ Եւրոպական Միության թեկնածու, տարածաշրջանում քաղաքական ավելի մեծ դեր ստանձնելու հավակնություններ ունեցող Թուրքիայի համար։
Որպես փոխհատուցում այս ծրագրում Թուրքիայի մասնակցությանը, Մոսկվան Անկարային կաջակցի էներգետիկ մի շարք հարցերում, այդ թվում՝ նավթի մի խողովակաշարի կառուցման գործում, որը ձգվելու է սեւծովյան Սամսոն քաղաքից մինչեւ միջերկրածովյան Ջեյհանի հանգույցը։


Եթե մոտ 8 միլիարդ եւրոյի համարժեք ՝՝Նաբուկո՛՛-ը, որը կառուցման դեպքում, 2Օ14 թվականից ամեն տարի սպառողներին կմատուցի 31 մլրդ խորանարդ մետր գազ, ապա մոտ ութ եւ կես միլիարդ եւրո արժողությամբ ՝՝Հարավային հոսանք՛՛-ը դրանից մեկ տարի անց կունենա տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու տարողունակություն։


Եթե ՝՝Նաբուկո՛՛-ի նպատակն է շրջանցել Ռուսաստանը, եւ գազ ներկրել զուգահեռաբար մի քանի երկրներից, որպեսզի բացառվեն մատարարումների խափանումները, ինչպես պատահեց անցյալ տարի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակասությունների հետեւանքով, ապա Ռուսաստանից մինչեւ Բուլղարիա հասնող ՝՝Հարավային հոսանք՛՛-ով բնական գազ արտահանող ռուսական պետական ՝՝Գազպրոմ՛՛ ընկերությունը ձգտում է այլընտրանքային ուղի ունենալ՝ արտահանումների հարցում Ուկրաինայից իր կախվածությունից հրաժարվելու համար։

Մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարեց, թե ՝՝Նաբուկո՛՛-ը ու ՝՝Հարավային Հոսանք՛՛-ը չի կարելի համարել իրար նկատմամբ այլընտրանքային ծրագրեր։
՝՝Հարավային հոսանք՛՛-ի կառուցումը չի փակում ՝՝Նաբուկո՛՛-ի ուղին։ Կախված պահանջարկից՝ երկու նախագծերն էլ կարելի է իրականություն դարձնել՛՛, ասաց նա։

Ռուսաստանի վարչապետը իր թուրք պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ընթացքում խոսեց նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին։

՝՝Ռուսաստանը ցանկանում է, որ գտնվի լուծում ու չի ցանկանում որեւէ հակամարտություն այս տարածաշրջանում, քանի որ դրանք ազդում են տարածաշրջանի մյուս երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա՛՛, ասաց Պուտինը։

Պուտինի խոսքերով, այս պահին դրական ու լուրջ ջանքեր են իրականացվում ղարաբաղյան խնդրի լուծումը գտնելու ուղղությամբ։


XS
SM
MD
LG