Հյուսիսային Կորեայի ղեկավար Քիմ Յոնգ Իլը ՝՝հատուկ ներում՛՛ է շնորհել ամերիկացի այն երկու լրագրողներին, ովքեր մեղադրվում էին անօրինական կերպով այս երկիր մուտք գործելու մեջ։ Քիմ Յոնգ Իլը երկու լրագրողներին ազատ արձակելու հրահանգ է տվել այս երկիր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթընի այցի ժամանակ։ Վերջինս այստեղ էր ժամանել հենց այդ առաքելությամբ։
Փխենյանի օդանավակայանում Քլինթընին դիմավորել էր երկրի խորհրդարանի փոխնախագահ Քիմ Քայ Քուանը։
Լրագրողներ Յունա Լիին եւ Լորա Լինգը Չինաստանի սահմանից անօրինական կերպով Հյուսիսային Կորեա էին մուտք գործել մարտ ամսին։ Նրանց ձերբակալել էին սահմանի մոտից Հյուսիսային Կորեայի փախստականների մասին հաղորդելու պահին։
Հունիս ամսին երկու լրագրողների նկատմամբ կայացվել էր 12 տարվա ազատազրկման որոշում։ Պատիժը նրանք պիտի անցկացնեին աշխատանքային ուղղիչ գաղութում։
Երկու լրագրողներն աշխատում են Սան Ֆրանցիսկոյում գտնվող Current TV հեռուստատեսային կայանում, որի հիմնադիրներից մեկը Քլինթընի նախագահության տարիներին երկրի փոխնախագահ Ալ Գորն է։
Օբամայի վարչակազմը ծրագրել էր Փխենյան ուղարկել Ալ Գորին, սակայն առաջարկը մերժում էր ստացել Հյուսիսային Կորեայի կառավարության կողմից, ինչից հետո կայացվել էր համաձայնություն Քլինթընի կողմից այց կատարելու մասին։