Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթընը ժամանեց Հյուսիսային Կորեա


ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթընը ժամանեց Հյուսիսային Կորեա՝ այստեղ կալանավորաված ամերիկացի երկու լրագրողների ազատ արձակման շուրջ բանակցելու նպատակով։ Փխենյանի օդանավակայանում Քլինթընին դիմավորեց երկրի խորհրդարանի փոխնախագահ Քիմ Քայ Քուանը։
Օբամայի վարչակազմի կողմից հրապարակված հայտարարության համաձայն, Քլինթընի այցի ընթացքում որեւէ մեկնաբանություն չի լինի

Լրագրողներ Յունա Լիին եւ Լորա Լինգը Չինաստանի սահմանից անօրինական կերպով Հյուսիսային Կորեա էին մուտք գործել մարտ ամսին։ Նրանց ձերբակալել էին սահմանի մոտից Հյուսիսային Կորեայի փախստականների մասին հաղորդելու պահին։

Հունիս ամսին երկու լրագրողների նկատմամբ կայացվել է 12 տարվա ազատազրկման որոշում։ Պատիժը նրանք պիտի անցկացնեն աշխատանքային ուղղիչ գաղութում։
Երկու լրագրողներն աշխատում էին Սան Ֆրանցիսկոյում գտնվող Current TV հեռուստատեսային կայանի համար, որի հիմնադիրներից է Քլինթընի նախագահության տարիներին երկրի փոխնախագահ Ալ Գորը։


Օբամայի վարչակազմը ծրագրել էր Փխենյան ուղարկել Ալ Գորին, սակայն առաջարկը մերժում էր ստացել Հյուսիսային Կորեայի կառավարության կողմից, ինչից հետո կայացվել էր համաձայնություն Քլինթընի կողմից այց կատարելու հարցում։

XS
SM
MD
LG