Հյուսիսային կիսագնդի պետությունները մրցում են, որպեսզի առաջինը հայտնաբերեն H1N1 խոզի գրիպի դեմ պատվաստանյութը: ԱՄՆ-ում պատվաստանյութի փորձարկումը մարդկանց շրջանում կարող է մեկնարկել երկու շաբաթից:
Հիվանդությունների հսկման և կանխարգելման կենտրոնը դեղագործական մի քանի ընկերությունների խոզի գրիպի նմուշներ էր հանձնել, որպեսզի վերջիններս այդ վիրուսի դեմ պատվաստանյութ մշակեն:
Ատլանտայի Էմըրի համալսարանն այն բուժհաստատություններից է, որտեղ փորձարկվելու է պատվաստանյութը: Դոկտոր Մարք Մալիգանն ասում է, որ 300 կամավոր է անհրաժեշտ:
“Ցանկացած նոր դեղ հանրային մասնակցության շնորհիվ է մշակվում: Հուսով ենք, որ արտակարգ իրավիճակի պայմաններում մենք բավարար թվով կամավորներ կունենանք”, ասում է դոկտոր Մալիգանը:
Փորձարկումը կանցնի ութ հաստատությունում` առաջին հերթին առողջ մեծահասակների, այնուհետև` բոլոր տարիքային խմբերի շրջանում: Ակնկալվում է, որ հոկտեմբերին 100 միլիոն դեղաչափ պատվաստանյութ պատրաստ կլինի: Հետազոտությանը մասնակցում է նաև Վանդերբիլթ համալսարանի Կանխարգելիչ բժշկության բաժանմունքը:
Արագ ներմուծվող ցանկացած պատվաստանյութի դեպքում մեծանում է անցանկալի երկրորդային ազդեցությունների վտանգը: Սակայն առողջապահության բնագավառի պաշտոնյաներին մտահոգում է H1N1 դեպքերի լայնածավալ տարածումը: Ապրիլ ամսին, օրինակ, որոշ դպրոցներ փակվեցին: ԱՄՆ-ի կրթության նախարար Արնի Դանքընին մտահոգում է այն փաստը, թե որքան դպրոց կարող է փակվել վիրուսի պատճառով:
Գիտնականները չեն պարզել` ինչու են որոշ մարդիկ բարձր ռիսկի խմբում գտնվում, սակայն H1N1 վիրուսով հիմնականում վարակվում են դպրոցականները, պատանիները և երիտասարդները:
Վաշինգտոնի Երեխաների բժշկական կենտրոնի բժիշկները լրացուցիչ դիմակներ, շնչառական սարքեր և գրիպի դեմ դեղամիջոցներ են պատվիրել: Անհրաժեշտության դեպքում, նույնիսկ ժամանակավոր մահճակալներ կավելացվեն:
Գրիպն այդպես էլ չի վերացել: Վարակվում են երեխաներ, վարակված են ԱՄՆ-ի սահմանամերձ ուժերի բազմաթիվ զինվորներ: Բժիշկներին զարմացրել է այն փաստը, որ գրիպն ամռանն էլ է տարածվում:
Պարենի և դեղամիջոցների վարչությունը պատրաստվում է արագացնել H1N1-ի դեմ պատվաստանյութի հաստատումը` համավարակի վերացմանը նպաստելու նկատառումով: