Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը շարունակում է բժշկական ապահովագրական համակարգը բարելավելու ջանքերը


Նույնիսկ հեռուստաէկրաններին է երեւում, որ ԱՄՆ-ի նախագահն այսօր ավելի շատ սպիտակ մազ ունի, քան կես տարի առաջ Սպիտակ տուն մտնելուց առաջ։ Դրանց մի մասի պատճառը աճող գործազրկությունն է, պատերազմներն Իրաքում եւ Աֆղանստանում եւ Գուանտանամոյի բանտը փակելու հարցը։ Սակայն մազերը սպիտակելու գործում պակաս դեր չունի բժշկական ապահովագրական համակարգում բարեփոխումներ անցկացնելու մասին խոստումներն իրականություն դարձնելու դժվարին խնդիրը։

Օբամայի խոսքերով, մեծ փոփոխություններ են հարկավոր որպեսզի բժշկական ծառայություններից օգտվելու հնարավորություն ստանան նաեւ այն տասնյակ միլիոնավոր անձինք ԱՄՆ-ում, ովքեր այսօր չունեն ապահովագրություններ։ Ի դեպ, ԱՄՆ-ը արդյունաբերապես զարգացած խոշոր պետություններից միակն է, որը չունի բժշկական համապարփակ ապահովագրական համակարգ։

Օբաման, որի վարկանիշը ժամանակին զուգահեռ անկում է ապրում, այսօր պիտի փորձի ստանալ իր կողմից առաջ քաշված բարեփոխումներն անցկացնելու համար Կոնգրեսի հավանությունը։ Նա զգուշացնում է, որ բժշկական ծառայությունները մատչելի չդարձնելու դեպքում ավելի կվատթարանա մարդկանց տնտեսական կացությունը, կվնասվեն գործարարության տարբեր բնագավառներ եւ նույնիսկ՝ պետական հաստատություններ։


Օբաման կարծում է, որ բոլորին հասանելի բժշկական ապահովագրական համակարգ հաստատելու համար անհրաժեշտ գումարների երկու երրորդը կարելի է ձեռք բերել ավելորդ ծախսումները կրճատելու եւ պետական ֆոնդերն ավելի նպատակասլաց ուղղությամբ ծախսելու եղանակով։
Մնացյալ մեկ երրորդը պիտի ստացվի բարձր եկամուտ ունեցողներից պահվող հարկերի ծավալները մեծացնելու միջոցով։

Հանրապետականներն ասում են, թե Օբամայի պնդումները հափշտապ են ու վտանգավոր։ Նույն կարծիքին է նաեւ նրա կուսակիցների մի մասը։

Իսկ այս բանավեճի երկարաձգումն աստիճանաբար գցում է նախագահի ժողովրդայնությունը։ Մեկ եւ կես ամսվա ընթացքում նրա վարկանիշը 64 տոկոսից անկում է ապրել 55-ի։ Նվազում է նաեւ առողջապահական համակարգում նրա բարեփոխումների կողմնակիցների թիվը։

Օբաման խոստանում է ու ցանկանում վստահեցնել, որ տնտեսության խթանման իր ներկայացրած ծրագիրը դրական ազդեցություն ցույց կտա երկու տարվա ընթացքում։

Սակայն այսօր գործազրկությունը հասել է 9.5 տոկոսի ու դեռ շարունակում է աճել։ Իսկ այն միտքը, թե Օբաման Ջորջ Բուշից է ժառանգել տնտեսական խառնաշփոթ, սկսել է խամրել։

Իրավիճակի համար ամերիկացիները սիրում են պատասխան պահանջել գործող նախագահից։

XS
SM
MD
LG