՝՝Հյուսիսային Կորեայի համար միակ տարբերակը միջուկազերծումն է, իսկ Իրանը պետք է ըմբռնի, որ միջուկային զենք արտադրելու իր հավակնություններն այդ երկրի համար չեն ապահովի անվտանգություն՛՛։
Այս հայտարարություններով հանդես եկավ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը Հարավարեւելյան ասիական պետությունների ընկերակցության անվտանգության հարցերով անցկացվող վեհաժողովի ժամանակ։ Նրա խոսքերով, Չինաստանը, Ճապոնիան, Ռուսաստանն ու Հարավային Կորեան աջակցում են Հյուսիսային Կորեայի նկատմամբ Վաշինգտոնի այս դիրքորոշումը։
Եթե Հյուսիսի ղեկավարները չփոխեն իրենց դիրքորոշումը, Քլինթընը խոստանում է, որ կարժանանան համաշխարհային պատժամիջոցների խիստ ճնշումների։
Միջազգային համայնքին մտահոգում է այն հանգամանքը, որ Հյուսիսային Կորեան կարող է սկսել միջուկային զենքերի արտադրություն, ինչը փաստորեն կոտնահարի միջուկային զենքերը չտարածելու մասին միջազգային պայմանավորվածությունը, ինչն էլ առաջ կբերի զենքերի մրցավազք ասիական ամբողջ տարածաշրջանում եւ այլուր։
Քլինթընը խոսեց նաեւ Բիրմայում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների մասին՝ հորդորելով այս երկրի իշխանություններին ազատ արձակել ժողովրդավարական շարժման առաջնորդ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Աունգ Սան Սուի Կյուիին։
Քլինթընը Հարավարեւելյան ասիական երկրների ընկերակցության ամենամյա վեհաժողովին էր մասնակցում՝ ցույց տալու համար, որ ասիական երկրների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից Բուշի տարիներին ցուցադրված անտարբերությունը փոխարինվելու է նոր վարչակազմի նոր մոտեցումներով։ Եւ այս առումով մեծաթիվ երկրների համար էր կարեւոր, թե ինչ հայտարարությամբ էր հանդես գալու ԱՄՆ-ի պետքարտուղարն Իրանի հարցով։
Իսկ նա շեշտեց, որ Իրանի միջուկային հավակնություններն անընդունելի են ու ավելացրեց, թե
Իրանը պետք է կենտրոնանա այն հանգամանքի վրա, որ միջուկային զենքեր ունենալու Թեհրանի հավակնությունները կարող են առաջ բերել մրցավազք տարածաշրջանում։ Եւ այդ դեպքում Իրանը չի կարող ամրացնել իր անվտանգությունը, ոչ էլ կարող է հասնել իր ազդեցությունն այստեղ ամրապնդելու նպատակներին։
Ավելի վաղ Բանգքոքում ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել էր, թե չնայած Իրանի առջեւ բաց են միջուկային ծրագրերի շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու դռները, ԱՄՆ-ը, միեւնույնն է, թույլ չի տա մերձավորարեւելյան տարածաշրջանում Իրանի գերիշխանություն։
Քլինթընը ցանկանում է Իրանի ղեկավարներին հղել եւս մեկ ուղերձ այն մասին, որ ԱՄՆ-ը կանգնած է այս տարածաշրջանում իր դաշնակիցների կողքին։