Մատչելի հղումներ

Թուրքիան կրկին որպես միջնորդ


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիբ Էրդողանը Սիրիա մեկօրյա պաշտոնական այցից առաջ հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Սիրիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորման համար:

Վարչապետը, որ Սիրիայում հանդիպելու է երկրի նախագահ Բաշար Էլ Ասադի հետ, ասել է, թե Թուրքիային առաջարկվել է ներգրավվել Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացում, սակայն չի նշել առաջարկի աղբյուրը:

Անցյալ տարի Թուրքիան անուղղակիորեն ներգրավված էր Սիրիայի և Իսրայելի միջև բանակցությունների հաստատմանը, սակայն 2008-ի դեկտեմբերի Իսրայելի կողմից Գազայի Հատվածի վրա հարձակումից հետո սիրիական կողմը դադարեցրել էր գործընթացը:

Միևնույն ժամանակ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենք կհամաձայնվեն խաղաղության պայմանագիր քննարկել միայն այն պարագայում, երբ Իսրայելը վերադարձնի 1967-ի պատերազմից հետո գրավված Գոլանի Բարձունքները: Ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենյամին Նյաթանյահուն ասել է, որ իրենք չեն պատրաստվում հող վերադարձնել:

XS
SM
MD
LG