Մատչելի հղումներ

Իրակլի Ալասանիան Վրաստանում հիմնում է նոր կուսակցություն


Իրակլի Ալասանիան, որը հավանաբար դառնա Վրաստանի նախագահական հաջորդ ընտրություններում ամենաուժեղ մրցակիցներից մեկը, հիմնում է նոր կուսակցություն, գտնում, որ փողոցային պայքարի փուլն անցել է եւ հորդորում քաղաքական բոլոր ուժերին սկսել երկխոսություն։

՝՝Մենք ուզում ենք իսկապես ավելի մեծ վստահություն սերմանել ժողովրդի մեջ, այնպես, որ մարդիկ հավատան, որ փորձում ենք լուծել, այլ ոչ՝ հարուցել խնդիրներ՛՛, ասաց նա։

Ալասանիան, որը համարվում է քաղաքական չափավոր գործիչ, ասում է, որ իր կուսակցությունը համագործակցելու է քաղաքական մյուս կուսակցությունների հետ եւ աշխատելու է, ընտրական համակարգը բարելավելու նպատակով, օրենսդրական փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ։

Նա ընդդիմության շարժմանը մասնակցում է ապրիլի 9-ից ի վեր։ Ավելի ուշ դարձավ քաղաքական մի դաշինքի ղեկավար, սակայն սա առաջին դեպքն էր, որ նա հանդես եկավ որպես առանձին քաղաքական կուսակցության ղեկավար։


Եւ այսպես Վրաստանում քաղաքական ընդդիմությունը, որը մեղադրում է Սահակաշվիլիին անցյալ տարվա օգոստոս ամսին Ռուսաստանի դեմ Վրաստանի համար աղետալի պատերազմ սկսելու մեջ, աստիճանաբար համախմբվում է եւ ուժեղանում ու հույսեր տալիս վրացիներին, որ մի օր հետ կվերադարձվեն կորսված տարածքները։

Իսկ ահա Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը հայտարարում է, թե ինքը ոչինչ այսօր չունի ասելու Վրաստանի ներկա իշխանություններին ու բացառում որեւէ բանակցություն Թբիլիսիի հետ։ Նա նաեւ քննադատում է Եւրոպային՝ իր երկրի անկախությունը չճանաչելու համար՝ ասելով, թե Եւրոպան ցանկանում է ցույց տալ, որ իր կարծիքն ավելի կարեւոր է, քան Աբխազիայի ժողովրդինը։

Վրաստանից փաստացի անկախացած Աբխազիան ու Հարավային Օսիան դարձել են Վրաստանում քաղաքական որեւէ մրցապայքարի գլխավոր հարց։ Այս հարցում ինչ խոստումներ կտա Վրաստանում քաղաքական այս կամ այն ուժը, կարող է ճակատագրական լինել տվյալ ուժի համար։

XS
SM
MD
LG