Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մտադիր է շարունակել Իրանի հետ երկխոսություն սկսելու ջանքերը


Իրանի ներքին լարվածությունն այսօր չի խանգարում ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմին առաջ տանել Թեհրանի հետ երկխոսություն սկսելու ջանքերը։


Արտգործնախարար Հիլարի Քլինթընը նշում է, թե Իրանը կարող է դառնալ տարածաշրջանում կառուցողական դեր ունեցող երկիր, եթե հրաժարվի իր հարեւաններին վախի մեջ պահելու եւ ահաբեկչությանն աջակցելու փորձառությունից։

Պետդեպարտամենտի այս ասուլիսի հաջորդ օրը Քլինթընը մեկնեց Հնդկաստան։ Իր այս պաշտոնում սա նրա առաջին այցն է այս երկիր։ Ավելի ուշ՝ աշնանը, արտգործնախարարը պաշտոնական այց կկատարի նաեւ այս երկրի հակառակորդ Պակիստան։ Երկու երկրներում էլ քննարկումների գլխավոր առարկա է լինելու մահմեդական ծայրահեղականության դեմ պայքարը։


՝՝Իսկ Աֆղանստանի ապագան կախյալ է նրանից, թե որքան ժողովրդավար ու տնտեսապես զարգացած երկիր կարող է դառնալ Պակիստանը՛՛, ասաց նա։

Նրա խոսքերով, չնայած ԱՄՆ-ը պայքարում է Թալիբանի դեմ, Վաշինգտոնը բաց է Թալիբանի այն աջակիցների հետ համաձայնության գալու հարցում, ովքեր պատրաստ են հրաժարվել ահաբեկիչների հետ իրենց կապերից, ովքեր կդատապարտեն ալ-Քայիդային, վայր կդնեն զենքը ու կհայտնեն ազատ ու բաց հասարակություն հիմնելու գործում իրենց զորակցությունը։


Քլինթընը նաեւ շեշտեց ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Ջորջ Միթչելի մասնակցությամբ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու Օբամայի վարչակազմի նոր ջանքերը։


՝՝Դրա համար՛՛, ասում է նա, ՝՝արաբական աշխարհի առաջնորդները պետք է օրինակ վերցնեն Եգիպտոսի նախկին նախագահ Էնվեր Սադաթից եւ Հորդանանի նախկին առաջնորդից՝ Հուսեին արքայից, ովքեր երկուսն էլ հաշտվում էին Իսրայելի հետ՛՛։


Ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարն ասաց նաեւ, թե Օբամայի վարչակազմն այս պահին կազմակերպում է միացյալ ջանքեր, որպեսզի հնարավոր լինի Հյուսիսային Կորեային հետ բերել միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների սեղանի մոտ։

XS
SM
MD
LG