Մատչելի հղումներ

Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ


Իտալիայի Ակվիլա քաղաքում գագաթաժողով գումարած Մեծ ութնյակի ղեկավարնեից երեքը՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը հուլիսի 10ին կատարած հայտարարությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորել են կարգավորել Լեռնային Ղարաբաղի երկարատեւ հակամարտությունը։
Հայտարարության մեջ ասված է.
՛՛Մենք՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, Ռուաստանի եւ Ամերիկայի նախագահներս, հաստատում ենք մեր նվիրվածությունը՝ աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վերջնական տարբերակի մշակման գործում։
Մենք հանձնարարում ենք միջնորդներին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման 2007 թվականի նոյեմբերի մադրիդյան ծրագրի թարմացված տարբերակը։ Մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, որ լուծեն իրեց միջեւ մնացած սակավաթիվ տարաձայնությունները եւ վերջնական համաձայնության հանգեն համապարփակ կարգավորում ուրվագծող հիմնական սկզբունքների շուրջ՝՝։
Հայտարարությունը այնուհետեւ անդրադառնում է Հիմնական սկզբունքներին.

՛՛Հիմնական սկզբունքները արտացոլում են տրամաբանական փոխզիջում՝ հիմնված Ուժի չկիրառման, Տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման՝ Հելսինկյան եզրափակիչ պայմանագրի սկզբունքների վրա։
Հիմնական սկզբունքները կոչ են անում.
- Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը։
- Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որը անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի։
- Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք։
- Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որորշում, իրավականորեն պարտավորեցնող նախատեսումներով։
- Ներքին տեղահանված անձանց եւ փախստականների՝ իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք։
- Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն։
Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս Հիմնական սկզբունքների հաստատումը թույլ կտա մշակել համապարփակ կարգավորման ծրագիր, որը կերաշխավորի Հայաստանի, Ադրբեջանի եւ ամբողջ տարածաշրջանի խաղաղ, կայուն եւ բարգավաճ ապագայի ապահովումը՝՝, ասված է Մեծ Ութնյակի երեք երկրների, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի միատեղ հայտարարությունում։
Մամլո հաղորդագրությունների համաձայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հուլիսի 17-ին հանդիպելու են Մոսկվայում

XS
SM
MD
LG