Մատչելի հղումներ

՝՝ԱՄՆ-ը ու Ռուսաստանը հակառակորդներ չեն՛՛, ասում է ԱՄՆ-ի նախագահը


Ռուսաստանի ղեկավարների եւ ուսանողության հետ հանդիպումների ժամանակ ԱՄՆ-ի նախագահի գլխավոր ուղերձը հետեւյալն էր. ԱՄՆ-ը ու Ռուսաստանը հակառակորդներ չեն։

Օբաման շատ զգույշ էր իր հայտարարություններում, երբեմն մեջբերումներ էր անում Պուշկինի պոեմներից ու հարգալից արտահայտություններով հանդես գալիս Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Խորհրդային Միության հսկայական զոհողությունների մասին։

Ամերիկան ուզում է տեսնել ուժեղ, խաղաղ ու բարգավաճ Ռուսաստան։
Սառը պատերազմից հետո աշխարհի ապագա կարգերի հարցի պատասխանն ավելի ուշ տալու է Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու աշխարհի նոր սերունդը, ասաց նա։


Ինչպես օրինակ Մոսկվայի այս բնակիչն է ասում, ինքը տպավորված չէ Օբամայի այցով, քանի որ ասում է նա, ԱՄՆ-ը սկսեց Գորբաչեւից, Ելցինից ու նրանց ավազակախմբից, եւ այսօր էլ չի ցանկանում, որ երբեւիցե Ռուսաստանը կանգնի ոտքի։


Մոսկվայի քաղաքական հետազոտությունների հաստատության վերլուծաբան Սերգեյ Մարկովն ասում է, թե թվում է, որ Օբաման չի պատասխանել ամենահիմնական այն հարցին, թե ինչու են աշխարհում, այդ թվում՝ Ռուսաստանում այսօր առկա հակաամերիկյան տրամադրություններ։ Չէ որ դրա համար չի կարելի մեղադրել ամբողջ աշխարհին, ասում է նա։ Ռուսաստանում առկա հակաամերիկյան տրամադրությունները նա բացատրում է հետխորհրդային ժամանակաշրջանում, իր խոսքերով ասած՝ ամերիկացիների վարած ագրեսիվ քաղաքականությամբ։


Քաղաքական եւ ռազմական հարցերով հաստատության վերլուծաբան Սերգեյ Մարկադանովն ասում է, թե Օբամայի ելույթը կարելի է բնորոշել փոխզիջողական շեշտադրումներով, ինչը սակայն շրջանցում էր վիճահարույց մի շարք հարցեր։ Վրաստանում եւ Ուկրաինայում իրադրությունը Ռուսաստանի համար նույնը չէ, ինչ Արեւելյան Եւրոպայում, իսկ ինչ վերաբերում է նորովի հարաբերություններ հաստատելու Օբամայի խոսքերին, պետք է նշել, ասում է նա, որ դրա համար շատ ժամանակ է պահանջվելու, քանի որ այդ ուղու վրա կատարվում են առաջին քայլերը։

Լոնդոնում գործող Թրասթիդ սոուրսիզ հաստատության վերլուծաբան Քրիստոֆեր Գրենվիլն Օբամայի ելույթը նմանեցնում է 9Օ-ականներին Բիլ Քլինթընի ժամանակներում հնչող հռետորական ելույթների ոճին, սակայն այն տարբերությամբ, որ այժմ չի խոսվում ԱՄՆ-ի հետ համագործակցության համար ժողովրդավարություն հաստատելու նախապայմանի մասին, այլ ավելի հաճախ շեշտը դրվում է այն պայմանների իրականացման վրա, որոնք ձեռնտու են ռուսներին։

՝՝Չնայած մոսկովյան գագաթաժողովում ձեռք բերվեց որոշ բարելավում ռուս-ամերիկյան հարաբերություններում, երկու երկրների ղեկավարներին հարկավոր է հիշեցնել մի քանի կարեւոր հրամայականների մասին՛՛, ասում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, կոչ անելով, որ երկու գերտերությունների ղեկավարները ավելի մեծ ուշադրություն դարձնեն Հարավային Կովկասում անվտանգությունն ու կայունությունն ամրապնդող ջանքերին ուղղված համագործակցությանը՝ ելնելով այն փաստից, որ վեջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանի պաշտպանությանն ուղղված բյուջեն 175 միլիոնից հասել է 2.5 միլիարդ դոլարի։

՝՝Ու եթե ԱՄՆ-ը ու Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում են լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ապա պետք է որդեգրեն նոր մոտեցում՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչելով որպես հակամարտության հավասար կողմ՛՛։


XS
SM
MD
LG