Մատչելի հղումներ

Բողոքի ցույցերը Թեհրանում շարունակվում են փոքր խմբերով


Իրանի մայրաքաղաքում ուրբաթ օրվա աղոթքի ժամանակ նորից հնչեց սպառնալիք ընդդիմության նկատմամբ ու նրանց, ովքեր կհամարձակվեն դուրս գալ փողոցներ։

Աղոթքն անցկացնող Սեիդ Ահմեդ Խաթամին, որը Իրանի Գերագույն կրոնական խորհրդի անդամ է, իրավապահ մարմիններին հղեց բողոքի որեւէ դրսեւորում խստորեն պատժելու կոչ։
Պաշտպանելով Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի դիրքորոշումը՝ նա հայտարարեց, թե ցուցարարները եւ նրանք, ովքեր կազմակերպում են նման անհանգստություններ, պետք է իմանան, որ Իրանի ժողովուրդը չի ենթարկվելու ճնշումների ու չի ընդունելու ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու նրանց պահանջներին։


Եւ ամենավտանգավորն ընդդիմության համար այն է, որ Իրանի ղեկավարները վերջին օրերի իրադարձությունները համարում են թշնամու շահերից բխող, ինչը կարող է ավելի լուրջ հետեւանքներ ունենալ ցուցարարների ու կազմակերպիչների համար։

Խաթամին նույնիսկ փորձում է այս բողոքի ալիքի խորհրդանիշ դարձած Նեդայի սպանությունը բարդել իր խոսքերով ասած՝ սադրիչ ցուցարարների ու արտասահմանյան լրատվամիջոցների վրա։

Ուրբաթ օրը, ուժային նախարարությունների հսկողության ներքո Թեհրանում բողոքի ալիքը մարած տեսք էր ստացել։ Երեւում էին հատուկենտ խմբեր։
Չնայած ինչպես Քարնեգիի հաստատության վերլուծաբան Քարիմ Սադջափուրն է ասում, մարդիկ շարունակում են իրենց սկսած ակցիան, պարզապես տարբերությունն այն է, որ հանդես են գալիս առանձին խմբերով։


Սակայն ամերիկյան հետախուզական գորածակալություններից Ստրեթֆորդի աշխատակից Ռեվա Բհալան ասում է, թե իրականում բացակայում են արհմիությունները եւ մտավորականությունը։
Կան խոսակցություններ, որ ընդդիմության ղեկավար Մուսավին պատարաստվում է հանդես գալ համընդհանուր գործադուլ սկսելու կոչով։ Սակայն սա վտանգներով լի քայլ է հանդիսանում Իրանում։ Մինչ այժմ Իրանում նման կոչերն իրականություն չեն դարձել։
Ինչ վերաբերում է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին, շատերի կարծիքով, նա կորցնում է ժողովրդի հարգանքն ու վստահությունը։

Ստենֆորդի համալսարանի Իրանական հարցերով ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Աբբաս Միլանն օրինակ ասում է, թե Խամենեին անցյալ ուրբաթ օրվա իր ելույթով վերջ դրեց քաղաքական իր համբավին ու հարգանքին։ Իսկ դա նշանակում է, որ եթե նույնիսկ նա մնա իշխանության ղեկին, ինչը շատ հավանական է, թուլանում են ժողովրդի վստահությամբ կառուցած կրոնական ղեկավարության հիմքերը։


Իսկ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, պատասխան տալով Ահմադինեջադի այն հայտարարությանը, որ եթե ԱՄՆը ցանկանում է երկխոսություն Իրանի հետ, ուրեմն Օբաման նախ պետք է հայտնի ներողություն, քանի որ քննադատել էր Իրանի իշխանություններին, Օբաման տալիս է հետեւյալ պատասխանը. Նախագահ Ահմադինեջադն է, որ պետք է պատասխան տա իր իսկ ժողովրդին։

XS
SM
MD
LG