Մատչելի հղումներ

Մեծ ութնյակ և Իրան


Հուլիսի 26-ին մեկնարկեց Մեծ ութնյակի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Իտալիայի Թրիեսթ քաղաքում: Քննարկման օրակարգում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հակաահաբեկչական ծրագրերը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, Իրանում և Աֆղանստանում տեղի ունեցող գործընթացների շուրջ միասնական մոտեցումների հստակեցումը, Հյուսիսային Կորեայի հիմնահարցը և այլն:

Իրանը, որ նախապես հրավիրված էր մասնակցելու Իտալիայում տեղի ունեցող խորհրդաժողովին, հրավերն անպատասխան թողնելուց և հունիսի 12-ի վիճահարույց ընտրություններից հետո տեղի ունեցած գործընթացների արդյունքում չի մասնակցում հանդիպմանը:

Հյուրընկալող իտալական կողմի ներկայացուցիչները խոսում էին այն մասին, որ ի սկզբանե նրանք ցանկանում էին ավելի խիստ քննադատության ենթարկել Իրանի գործող իշխանություններին, սական չցանկանալով խորացնել այդ երկրի միջազգային մեկուսացումը, նրանք ընտրել են համեմատաբար մեղմ հռետորաբանություն: Հանդիպմանը նախորդել էր Իտալիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է. «Ընտրական գործընթացները պետք է արտացոլեն Իրանի ժողովրդի իրական ցանկությունները»:

Այնուամենայնիվ, Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերրերո Վալդները քննադատության ենթարկեց Իրանի իշխանությունների կողմից կիրառված բռնությունները: Միևնույն ժամանակ նա երկխոսության կոչ արեց այդ երկրում գործող քաղաքական ուժերի միջև:

Չնայած նրան, որ նախորդ օրը Ահմադինեջադը մեղադրել էր Միացյալ Նահանգների ղեկավարին, իր երկրի ներքին գործերի մեջ խառնվելու մեջ, հանդիպման մասնակիցները հայտարարեցին, որ պաշտպանում են Իրանի հետ անմիջականորեն խոսելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մոտեցումը:
Ինչևիցե, մեծ ութնյակի Իրանի վերաբերյալ մեծագույն անհանգստությունը շարունակում է մնալ այդ երկրի միջուկային ծրագրերը: Այս կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ մեծ ութնյակի անդամները պետք է իրենց ուշադրությունը կենտրոնացնեն Իրանի միջուկային հավակնությունների և ոչ այդ երկրի ներքին քաղաքական գործընթացների վրա:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են նաև Աֆղանստանին վերաբերող խնդիրներ: Սահմանների, փախստականների, սննդի անվտանգության և այլ հարցերի շուրջ լուծումներ գտնելու նպատակով, Թրիեսթ են ժամանել ԱՄՆ Աֆղանստանի հարցերով հատուկ հանձնակատար Ռիչարդ Հոլբրուքը, ինչպես նաև Պակիստանի և Աֆղանստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները:

Աշխարհի ամենազարգացած արտադրական կարողություններն ունեցող 8 երկրներից զատ, համաժողովին մասնակցելու են եկել շուրջ 30 այլ պատվիրակություններ: Դրանց թվում են Իսլամական Զարգացման բանկը, Արտագաղթի միջազգային կազմակերպությունը, Համաշխարհային պարենային ծրագիրը և այլն:

XS
SM
MD
LG