Մատչելի հղումներ

Խամրո՞ւմ է արդյոք պայքարն Իրանում


Իրանում նախագահական ընտրություններից հետո սկսված անհանգստության ալիքը փողոցային պահանջատիրականից վերածվել է գաղտնի պայքարի՝ շենքերի տանիքներից, մութ անկյուններից ու բեմահարթակի հետեւից։ Պայքար, ինչի արդյունքում զոհվել է ավելի քան 2Օ մարդ, պայքար ու բողոքի ալիք, ինչի նմանն Իրանը չէր տեսել 79 թվականի մահմեդական հեղափոխությունից ի վեր։

ԱՄՆ-ը, որը վարչակազմի փոփոխման արդյունքում ուներ Իրանի հետ հարաբերությունները բարելավելու հույսեր, այսօր կարծես կանգնած է այդ հույսերը կորցնելու հնարավորության առջեւ, երբ Իրանի նախագահը Օբամային մեղադրում է իր նախորդի քաղաքականությանը վերադառնալու մեջ ու հայտարարում, որ եթե Վաշինգտոնը ցանկանում է խոսել Թեհրանի հետ, նախ Օբաման պետք է խնդրի ներողություն։ Ներողություն այն հայտարարության համար, ըստ որի ինքը սարսափած եւ զայրացած է Իրանում տեղի ունեցող իրադարձություններով։ Իրանը զայրացած է այն հանգամանքով նաեւ, որ Վաշինգտոնը հետ է վերցրել հուլիսի 4-ին ԱՄՆ-ի անկախության տարեդարձի տոնակատարություններին մասնակցելու նպատակով իրանցի դիվանագետներին նախապես հղված հրավերը։

Օբաման մեծ սխալ է գործել, հայտարարում է Ահմադինեջադը ու հարց տալիս, թե ինչու ԱՄՆ-ի նախագահը ընտրեց իրեն թակարդը գցելու տարբերակը։ Եթե սա է ձեր խոսելու ձայներանգը ու եթե սա է ձեր բռնած դիրքը, ապա խոսելու ոչինչ չի մնում, ասաց Իրանի նախագահը երկրի պետական հեռուստակայանով։

Ահմադինեջադի դեմ նախագահական ընտրություններում պայքարի մեջ մտած ընդդիմության ղեկավար Միր Հուսեին Մուսավին, որը շարունակում է պնդել, որ ինքն է ընտրությունների իրական հաղթողը, այսօր վայելում է այնպիսի հզոր գործիչների աջակցությունը, ինչպես նախկին նախագահներ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին է ու Մուհամմեդ Խաթամին, ինչպես նաեւ ավագ հոգեւորական Մեծ Այաթոլլահ Հուսեին Ալի Մոնթազերին։

Սակայն Ահմադինեջադի կողքին է երկրի գերագույն ղեկավար Այաթոլլահ Ալի Խամենեին։ Իսկ հոգեւոր գերագույն ղեկավարն Իրանում բարձր է դասվում քաղաքական բոլոր ուժերից։

Մուսավիի նկատմամբ իշխանութուններն այսօր իրականացնում են նախագահական պայքարից հրաժարվելու ճնշումներ, ձերբակալվում է Մուսավիի հետ հանդիպում անցկացրած համալսարանի 7Օ դասախոս։ Ինչպես վերլուծաբաններն են ասում, Իրանի իշխանությունները թիրախ են ընտրում մտավորականությանը։

Մուսավիի աջակիցներն այսօր ստիպված են անցնել պայքարի ավելի հուզական ձեւերի, քանի որ ապստամբությունը կարծես ճնշված է։ Նրանք հազարավոր աղավնիներ են բաց թողնելու ի հիշատակ Նեդայի՝ այն երիտասարդ կնոջ, որը սպանվեց Թեհրանում ու դարձավ այս պայքարի խորհրդանիշ։ Պայքար, որը եթե նույնիսկ ավարտվի պարտությամբ, դրական իր հետքն անպայման կթողնի ժողովրդավարության պատմության էջերում։





XS
SM
MD
LG