Մատչելի հղումներ

Իրանում իրավիճակը շարունակում է լարված մնալ


Իրանի Կրոնական Խորհրդի ղեկավար Այաթոլլահ Ալի Խամենեյին չորեքշաբթի օրը հայտարարել է, որ երկրի իշխանությունները տեղի չեն տա նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության պահանջին: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակից օրենքի սահմաններում միայն պիտի լուծումներ գտնել: Խամենեյին, որի խոսքն ըստ փորձագետների, Իրանում հավասարազոր է օրենքին, նախորդ շաբաթ հայտարարել էր, որ Ահմադինեջադն ընտրությունների իրական հաղթողն է:

Նույն օրը նախագահի մեկ այլ պահպանողական թեկնածու` Մոհսեն Ռեզային Իրանի հանրային հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից և կարևորելով կայունությունը, ինքը ճանաչում է ընտրությունների արդյունքները` ընդունելով Ահմադինեջադի հաղթանակը:

Վերջինիս արդեն իսկ շնորհավորել են մի քանի տասնյակ երկրների նախագահներ: Նրանց թվում նաև Հայաստանի Հանրապետության նախագահը:

Երկրում ստեղծված իրավիճակի մեջ Իրանի Կրոնական Խորհրդի առաջնորդ Խամենեյին մեղադրում է արտաքին ուժերին, մասնավորապես Միացյալ Նահանգներին և Մեծ Բրիտանիային:

Այնուամենայնիվ հունիսի 12-ին տեղի ունեցած վիճելի նախագահական ընտրությունների արդյունքում, նախագահի ընդդիմադիր թեկնածու Միրհուսեյն Մուսավիի հարյուր հազարավոր կողմնակիցներ Թեհրանում և իրանական մի շարք այլ քաղաքաներում շարունակում են բողոքի ցույցերը:

Իշխանությունները երկրում հավատարմագրված միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելել են լուսաբանել տեղի ունեցող գործընթացները: Պաշտոնական մամուլի հաղորդագրությունների համաձայն, ցուցարարների վրա իշխանությունների կողմից կիրառված ուժի արդյունքում առնվազն 17 մարդ է զոհվել, հարյուրավոր քաղաքացիներ ձերբակալվել են:

Ձերբակալվածների մեջ են նաև Իրանի նախկին աշխարհիկ ղեկավար Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հարազատները: Փորձագետների համոզմամբ, այն փաստը, որ գործող իշխանությունները կարող են պատժամիջոցներ կիրառել քաղաքական լուրջ կշիռ ունեցող Ռաֆսանջանիի նկատմամբ, խոսում է այն մասին, որ Խամենեյի վարչակարգն ընտրությունների վիճարկման տեսանկյունից փոխզիջումների գնալ չի պատրաստվում:

Այսուհանդերձ, չնայած ընդդիմադիրների խաղաղ հանրահավաքների դեմ ոստիկանության կողմից կիրառվող արգելքներին, ցուցարարները փորձում են գտնել բողոքի այլընտրանքային ուղիներ: Շենքերի տանիքներից, ցուցապաստառների և գիշերային Թեհրանում մեքենաների լուսարձակների միջոցով մարդիկ շարունակում են պայքարել իրենց իրավունքների վերականգնման համար:

Զուգահեռաբար իրանական ծագում ունեցող քաղաքացիները բողոքի ցույցեր են կազմակերպում աշխարհի տարբեր քաղաքներում: Նրանք Իրանի իշխանություններից պահանջում են դադարեցնել իրենց հայրենակիցների իրավունքների ոտնահարումը և վերականգնել երկրի քաղաքացիների խաղաղ հավաքների և արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքը:

XS
SM
MD
LG