Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի ասուլիսը՝ երկրի տնտեսության մասին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ պետական վերահսկողությամբ ու պետության աջակցությամբ ավելի դյուրին է լինելու տնտեսական հետագա անկումը խոչընդոտելը։ Այս գործում նա կարեւորում է ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի նախագահ Բեն Բերնանքեի հմտությունները՝ ասելով, թե Բերնանկեն գերազանց է աշխատել շատ դժվարին պայմաններում։

Սակայն մամուլի ասուլիսի ժամանակ նախագահը հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը պատրաստվում է հունվար ամսին Բերնանքեին հաստատել նույն պաշտոնում, թե՝ ոչ։


Հիշեցնենք, որ Օբամայի վարչակազմը ներկայացրել է ԱՄՆ-ի ֆինանսական համակարգում բարեփոխումներ անցկացնելու համար մի շարք փոփոխություններ։ Առաջարկներից մեկով նախատեսվում է ֆինանսական հաստատությունները կառավարելու հարցում Կենտրոնական բանկի լիազորությունների ընդլայնում։ Նախատեսվում է նաեւ հիմնել մի գործակալություն, որը կվերահսկի վարկեր ու պարտաքարտեր տրամադրելու քաղաքականությունը։

Այս առաջարկություններն իհարկե արժանացել են որոշ շրջանակների լուրջ քննադատությանը։ Որոշ փորձագետներ ասում են, թե այս ծրագիրը կարող է զարկ տալ բյուրոկրատական համակարգին ու չափից ավելի իշխանություն ապահովել Կենտրոնական բանկի համար։
Սակայն նախագահ Օբաման գտնում է, որ այս բարեփոխումները ֆինանսական շուկաներին կտան ավելի ազատ գործելու հնարավորություն ու կնվազեցնեն ներդրող խոշոր ընկերությունների փլուզման պատճառ դարձած գործոնները։


Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքան կբարձրանա գործազրկության մակարդակը, Օբաման պատասխան չի տալիս։ Մասնագետներից շատերն ասում են, թե այն կանցնի 1Օ տոկոսի ցուցանիշը, ինչը շատ ավելի բարձր թիվ է, քան Օբամայի կանխատեսածը։
Օբաման այսօր հավատացած է, որ առանց տնտեսության խթանման ծրագրի, տնտեսության անկումն ավելի արագ ու խորն էր լինելու։


Նա կարծում է նաեւ, թե այսօր վաղ է տնտեսության խթանման երկրորդ ծրագիր ներկայացնելու համար, շեշտելով, թե ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան էր արդյունավետ 787 միլիարդ դոլարի համարժեք առաջին ծրագիրը։


XS
SM
MD
LG