Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան արձակեց 13Օ կիլոմետր հեռահարությամբ մի քանի հրթիռ


Երբ աշխարհը դեռ լիովին չէր հասցրել դատապարտել Հյուսիսային Կորեային երկուշաբթի օրը միջուկային ստորգետնյա հզոր փորձարկում իրականացնելու մեջ, այս երկիրը հասցրեց օդ արձակել նաեւ 13Օ կիլոմետր հեռահարությամբ մի քանի հրթիռ՝ երեքը նույն օրն ավելի ուշ, երկուսը՝ հաջորդ օրը։ Փխենյանը նաեւ նախազգուշացրել է նավերին մուտք չգործել այս երկրին հարող ծովային հատվածներ, ինչը նշանակում է, որ այն կարող է ունենալ հավելյալ հրթիռներ փորձարկելու մտադրություն։


Հարավային Կորեայի ղեկավարությունը, որն ամենաշատն է անհանգստանում իր թշնամի Հյուսիսի նմանօրինակ քայլերով, միջուկային փորձարկումից անմիջապես հետո հրավիրեց անվտանգության խորհրդի արտակարգ նիստ, փորձարկումն անվանելով աններելի սադրիչ քայլ։ Արտակարգ նիստ հրավիրեց նաեւ մյուս հարեւանը՝ Ճապոնիան, որի կառավարության գլխավոր քարտուղար Կավամուրան Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումն անվանեց լուրջ վտանգ Ճապոնիայի խաղաղության ու անվտանգության համար։


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի խոսքերով, Հյուսիսային Կորեայի միջուկային զենքերի ու բալիստիկ հրթիռների ծրագրերը լուրջ սպառնալիք են ամբողջ աշխարհի խաղաղության, կայունության եւ անվտանգության համար։
՝՝Մեր դաշնակիցների հետ միասնաբար կկանգնենք այսպիսի կեցվածքի դեմ՛՛, հայտարարեց նա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նախազգուշացրեց, որ Փխենյանի նման կեցվածքը բացասական հետեւանքներ կարող է ունենալ միջուկային զենքերի ոչնչացման շուրջ անցկացվող բանակցությունների գործընթացի վրա։

Փխենյանն այսպիսով ոտնահարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2ՕՕ6 թվականին ընդունված այն որոշումը, որը Հյուսիսին արգելում է մշակել միջուկային ծրագրեր։


Ռուսաստանը, որը սովորաբար պաշտպանել է Հյուսիսային Կորեայի կեցվածքը, նույնպես դատապարտեց վերջինիս իրականացրած քայլերը եւ կոչ արեց մշակել նոր պատժամիջոցներ Երկրորդ աշխարհամարտի ավարտին ճապոնական Հիրոշիմա ու Նագասակի կղզիների վրա նետված ռումբերի հզորությամբ միջուկային ռումբի փորձարկման համար։


Սակայն շատերն են կասկածում, որ արդեն իսկ մի շարք պատժամիջոցների տակ հայտնված այս երկիրը կազդվի նոր պատժամիջոցից, եթե նույնիսկ Ռուսաստանն ու Չինաստանը կողմ քվեարկեն նոր պատժամիջոցներին։


Հարավային Կորեան հայտարարեց, թե կարող է միանալ այն 9Օ երկրներին, որոնք կարող են կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որին կասկածում են զանգվածային բնաջնջման զենքեր տեղափոխելու մեջ, մի քայլ, որը Հյուսիսային Կորեայի կարծիքով կտանի դեպի պատերազմ։


Հյուսիսային Կորեան, միջուկային փորձարկումներով ու հրթիռներ արձակելով, իր վրա է սեւեռում աշխարհի թշնամությունն այն պահին, երբ հարցականի տակ է այդ երկրի ղեկավար Կիմ Յոնգ Իլի առողջական վիճակը, եւ այստեղ արդեն խոսում են նրա հավանական հետնորդի մասին։
Արդյո՞ք դա որեւէ փոփոխություն կմտցնի հին կոմունիստական գաղափարներին կառչած Հյուսիսային Կորեայում։ Դժվար է ասել։

XS
SM
MD
LG