Մատչելի հղումներ

Թեհրանում ազատ արձակվեց իրանական ծագումով ԱՄՆ-ի քաղաքացի Ռոքսանա Սաբերին


Թեհրանի Էվինի բանտից ազատ արձակվեց Իրանում հունվար ամսից ազատազրկված իրանական ծագումով ԱՄՆ-ի քաղաքացի, լրագրող Ռոքսանա Սաբերին, որը ձերբակալվել էր առանց համապատասխան փաստաթղթերի Իրանում աշխատելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրա դեմ հարուցվել էին լրտեսության մեղադրանքներ։


Վերջին ժամանակներս Իրանում ձերբակալել են օտար, հատկապես իրանցի ամերիկացի մի շարք անձանց՝ նրանց մեղադրելով Իրանում թավշյա հեղափոխություն կազմակերպելու մեջ։ Սակայն Ռոքսանայի գործը տարբերվում է մյուսներից նրանով, որ նրան ձերբակալել էին ԱՄՆ-ում նոր վարչակազմի օրոք։


Ի՞նչ կտա այս ազատ արձակումը ԱՄՆ-ին ու Իրանին։
Ինչպես Միջազգային հետազոտությունների Ուուդրոու Ուիլսոնի անվան կենտրոնի քաղաքագետ Ռոբին Ռայթն է ասում, այն կարող է ինչ որ կերպ հանել երկու երկրների միջեւ հարաբերությունների ջերմացման հնարավորությունների առջեւ դրված արգելքը։

Հիշենք, որ Թեհրանի նույն՝ Էվինի բանտում է նաեւ պահվում Իրանում ծնված հայազգի Սիլվա Հարությունյանը, որն աշխատում էր Միջազգային հետազոտությունների ու փոխանակումների Երեւանի գրասենյակում։ Նա նույնպես մեղադրվում է Իրանում թավշյա հեղափոխություն կազմակերպելու մեջ։ Երեք տարվա պատիժը վերացնելու մասին նրա դիմումը մերժում է ստացել բողոքարկումների դատարանի կողմից։ Նա ունի եւս մեկ ու վերջին անգամ բողոքարկելու իրավունք։

Նրա կազմակերպությունը հրապարակել է մի հայտարարություն, որով ողջունում է Ռոքսանա Սաբերիի ազատ արձակումը եւ գթասրտության կոչով դիմում Իրանի կառավարությանը։
Նրա ազգականները կոչ են անում աշխարհին հիշել Սիլվա Հարությունյանի մասին եւս։

XS
SM
MD
LG