Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի հանդիպումները Պակիստանի ու Աֆղանստանի ղեկավարների հետ


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մի շարք հանդիպումներ անցկացրեց Պակիստանի ու Աֆղանստանի ղեկավարների հետ այն ժամանակ, երբ տարածաշրջանում նկատվում է լարվածության սրում։

Պակիստանի կառավարական ուժերն այժմ դիրքեր են գրավում ընդդեմ Թալիբանի,Աֆղանստանում քաղաքացիական անձանց շրջանում սպանությունների թվի աճի պատճառով՝ ավելի խորանում անհանգստությունները։

Սակայն Վաշինգտոնում, ուր Օբաման հանդիպեց իր պաշտոնակիցներ Ասիֆ Ալի Զարդարիին եւ Համիդ Քարզային, տիրում էր միասնության մթնոլորտ

՝՝Ես իմ գոհունակությունն եմ արտահայտում նրա համար, որ Աֆղանստանի ու Պակիստանի ընտրյալ նախագահները լիովին գնահատում են բոլորիս դեմ ուղղված սպառնալիքի լրջությունը եւ նորից հանդես են գալիս այդ սպառանլիքի դեմ կանգնելու պատրաստակամությամբ՛՛, հայտարարեց Օբաման։

Նախագահ Օբամայի խոսքերով, այդ սպառնալիքի դեմ պայքարը հաճախ մեծ գին է պահանջում։ Նա, ամերիկյան ուժերի կողմից Թալիբանի դեմ իրականացված հարձակման ընթացքում տասնյակ անձանց սպանությունը նկատի առնելով, հայտարարեց, թե ամեն ջանք է ներդրվում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը կրճատելու ուղղությամբ։

Մինչ այդ, այս կապակցությամբ ցավակցական իր խոսքերն էր հղել պետքարտուղար Հիլարի Քլինթընը՝ ասելով, թե անմեղ կյանքի ամեն կորուստ միշտ էլ սոսկալի ցավ է։

Աֆղանստանի նախագահ Քարզայը, Քլինթընի հետ հանդիպման ժամանակ խոսել էր Վաշինգտոնի ու Քաբուլի, Քաբուլի եւ Իսլամաբադի միջեւ համագործակցությունը է՛լ ավելի խորացնելու կարեւորության մասին։
Նրա խոսքերով, Պակիստանն ու Աֆղանստանը զույգ եղբայրներ են, եւ կիսում են նույն վիշտն ու ցավը։


Պետք է ասել, որ դրանից զատ այս երկու երկրներին պատել է քաղաքական նույն անորոշությունը։ Երկու կառավարություններն էլ իրար նման փխրուն են, երկուսին էլ սպառնում են ապստամբ ուժերը, երկուսն էլ գտնվում են ծայրահեղականների դեմ խիստ քայլերի դիմելու Վաշինգտոնի ուժեղ ճնշման տակ։


Պակիստանի նախագահ Զարդարին, փորձելով ապացուցել, որ իր գլխավոր նպատակներից մեկը ծայրահեղականներին ծնկի բերելն է, հիշեցրեց ծայրահեղականների կողմից իր կնոջ՝ երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության փաստը։
Նա ասաց, թե ժողովրդավարությո՛ւնը կհանի իր կնոջ ու հազարավոր այլ պակիստանիցիների վրեժը եւ ՝՝ահաբեկիչներն ի վերջո կպարտվեն այս համատեղ պայքարում՛՛։

Աֆղանստանի ու Պակիստանի առաջնորդները, երկօրյա անհատական ու համատեղ հանդիպումների մասնակցելու նպատակով իրենց հետ Վաշինգտոն էին բերել մեծ պատվիրակություններ։ Այս գործընթացը սկսվել է փետրվար ամսից։ Սակայն սա առաջին դեպքն էր, որ նախագահ Օբաման անձամբ էր մասնակցում քննարկումներին։

XS
SM
MD
LG