Մատչելի հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումները ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ


Երեքշաբթի օրը Վաշինգտոնում հանդիպեցին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթընը եւ Հայաստանի նրա պաշտոնակից Էդուարդ Նալբանդյանը։
ԱՄՆ-ի արտաքին հարցերի պատասխանատուն նույն օրն ավելի ուշ հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Երկու հանդիպումներն էլ կենտրոնացան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ու հայ-թուրքական հարաբերությունների զարգացման վրա։ Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են նաեւ էներգետիկ հարցեր։

Ընդունելով Էդուարդ Նալբանդյանին՝ ԱՄՆ-ի պետքարտուղարն ասաց, թե մեծ հաճույքով է ողջունում Հայաստանի արտգործնախարարին ու նշեց, որ հարաբերություններն ԱՄՆ-ի ու Հայաստանի միջեւ կրում են հարատեւ բնույթ։ Նրա խոսքերով, Օբամայի վարչակազմը նպատակ ունի ավելի խորացնել այդ հարաբերությունները եւ օգնել Հայաստանին իր զարգացման ուղու վրա։
Շնորհակալական իր խոսքերն արտասանելուց հետո, Էդուարդ Նալբանդյանն ասաց, թե Հայաստանը վճռական է տրամադրված ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սերտացնելու եւ բարեկամական համագործակցությունը խորացնելու հարցում։

՝՝Ես այս հնարավորությունը ցանկանում են օգտագործել մեր երախտագիտությունը հայտնելու ԱՄՆ-ի վարչակազմին, տիկին քարտուղարին ու պետքարտուղարությանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները բնականոն հունի մեջ դնելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ եղանակով լուծելու գործընթացում ներդրած ջանքերի համար՛՛, ասաց նա։


Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք անդամների, Եւրոպայի ու Եւրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի հետ։


Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գործադիր տնօրենի պաշտոնակատար Ռոդնի Բենթի հետ հանդիպումից հետո, վերջինս ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանն ասաց, թե իրենց միջեւ ընթացել է կառուցողական ու իմաստալից հանդիպում եւ ՝՝Հազարամյակի մարտահրավերը իր գոհունակությունն է արտահայտում Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ նախարարի հետ մանրամասնություններ քննարկելու այս հնարավորության համար՛՛։

Հանդիպումների մասին մանրամասնություններ Հայաստանի պատվիրակության անդամները չհրապարակեցին։


XS
SM
MD
LG