Մատչելի հղումներ

Ֆրիդըմ Հաուս. Մամուլի ազատությունը 2008 թվականի ընթացքում


Աշխարհում ազատության եւ ժողովրդավարության զարգացումը խթանող Ֆրիդըմ Հաուզ խումբը հայտարարել է, որ Եվրոպայի որոշ մասերում ազատ մամուլը սկսել է անհետանալ։


Միացյալ Նահանգներում հիմնադրված Ֆրիդըմ Հաուս խումբը ուրբաթ օրը, Նյուզիումի թանգարանում ունեցած մամլո ասուլիսում հայտարարեց, թե Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների 36 տոկոսը զուրկ է ազատ մամուլից, մինչ նույնպես 36 տոկոսը ունեն միայն մասամբ ազատ մամուլ։


Ֆրիդըմ Հաուս խումբը այս անկումը համարում է մամուլի ազատության ամենամեծ անկումը աշխարհի մյուս շրջանների համեմատությամբ։ Զեկույցը, որն անդրադառնում է 2008 թվականի կացությանը, քննադատել է Ռուսաստանի դատական համակարգը, նշելով, որ այն ձախողել է պաշտպանել լրագրողներին հարձակումներից։ Զեկույցը նշել է նաեւ, որ իշխանությունները հաճախ ճնշում են բանեցնում Ռուսաստանի անկախ մամուլի վրա։ Կենտրոնական եւ Արեւելյան եվրոպայի, ինչպես նաեւ նախկինում խորհրդային երկրների շրջանում ութ երկրներ շարունակում են դասակարգվել որպես ազատ, 10 երկրներ՝ մասամբ ազատ, եւ 10 երկրներ էլ՝ ոչ ազատ։ Այդ շրջանում մարդկանց մեծամասնությունը ապրում է ազատ մամուլ չունեցող երկրներում, եւ ազատ մամուլը մատչելի է բնակչության միայն 18 տոկոսին, նշում է զեկույցը։


Նախկին խորհրդային երկրների մեծ մասի վարքագիծը վատթարացել է մարդու քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների նկատմամբ հարգանքի եւ մամուլի ազատության առումով։
Մինչդեռ Կենտրոնական Եվրոպայի երկրներն ու երեք Բալթյան երկրները հաղթահարելով խորհրդային շրջանի մամուլի ժառանգությունը այժմ գնահատվել են, որպես ազատ երկրներ։

Նախկինում խորհրդային 12 երկրներից 10 գնահատվել են որպես ոչ ազատ երկրներ։ Ֆրիդըմ հաուզ խմբի ուսումնասիրած 195 երկրներից եւ տարածքներից 10 վատթարագույն լրատվական մթնոլորտ ունեցող երկրներից երեքը ՝ Բելառուսը, Ուզբեկստանը եւ Թուրքմենստանը, նախկին խորհրդային երկրներ են։
Զեկույցում նշված է նաեւ, որ մամուլի ազատության բնագավառում հետընթաց արձանագրած նախկին խորհրդային երկրների թվում են Հայաստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը։ Պատճառը, նշում է զեկույցը, հեռարձակման բնագավառում վերահսկողությունը խստացնող օրենքներն են։ 2008 թվականի մարտին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության շրջանում, պետության կողմից գրաքննություն էր հաստատվել լրատվական միջոցների վրա , սահմանափակելով թե՛ տեղական եւ թե՛ արտասահմանյան լրագրողների ազատությունը։ Իշխանությունները նաեւ հետաձգել են լրատվության բնագավառում նոր արտոնագրերի թողարկումը մինչեւ 2010 թվականը։


Ֆրիդըմ Հաուզի զեկույցը հատկապես քննադատել է Ռուսաստանում ինքնագրաքննության աճը, նպատակ ունենալով կանխել լրագրողների դեմ ուղղված հալածանքները եւ նույնիսկ սպանությունները։ Ռուսաստանում լրատվության միջոցների վրա պետական վերահսկողությունը լուրջ մտահոգություն է պատճառում, քանի որ այն բացասաբար է ազդում քաղաքական դաշտի զարգացման եւ ընտրություններում իրազեկ որոշումներ կայացնելու ռուս ժողովրդի կարողության վրա, նշված է մամուլի ազատության շուրջ Ֆրիդըմ Հաուզ խմբի 2009 թվականի զեկույցում։

XS
SM
MD
LG