Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթընը գոհ է Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հաշտեցման գործընթացից


Հիլարի Քլինթընը չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հանդես եկավ արտգործնախարարի պաշտոնում իր առաջին հաշվետվությամբ՝ անդրադառնալով իր երկրի արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերին։
Ելույթից հետո կոնգրեսականները ներկայացրին որոշ հարցեր, ինչպես նաեւ հանդես եկան իրենց մեկնաբանություններով։


Կոնգրեսական Ռոբերտ Ուեքսլերը, որը նաեւ թուրք-ամերիկյան հարաբերությունների հանձնախմբի նախագահն է, հարց ուղղեց հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին։


Քլինթընը գոհունակություն հայտնեց հայ-թուրքական հարաբերություններում, իր խոսքերով ասած, վերջին դրական զարգացումների առնչությամբ, երկրներ, որոնք, ասաց նա, ՝՝Ձգտում են իրենց ցավոտ անցյալից հետո գնալ հաշտեցման ուղով՛՛։


՝՝Այն, որ Հայաստանն ու Թուրքիան փորձում են բացել սահմանները, խոսում է այն մասին, որ կողմերը պատրաստ են հակադարձելու իրենց երկկող ողբերգական անցյալը։ Իսկ Թուրքիան ու Հայաստանն այս ուղղությամբ ստացել են ԱՄՆ-ի աջակցությունը ու կշարունակեն ստանալ՛՛, ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին՝ Քլինթընն ասաց, թե իրենք խոստացել են Բաքվին, որ ավելի մեծ ջանք կներդնեն լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

՝՝Անցյալ երեք շաբաթների ընթացքում երկու անգամ Ադրբեջան է գործուղվել պետքարտուղարության պաշտոնյան ու հուսով ենք, որ եկող ամիսնեերի ընթացքում կկայացվի ինչ որ մի որոշում՛՛, ավելացրեց Քլինթընը։

Կոնգրեսական Բրեդ Շերմանը հույս հայտնեց, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը, ի տարբերություն Բուշի վարչակազմի, որը շարունակ ձգտում էր անհավասար հատկացումներ կատարել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության բնագավառներին, կրճատելով Հայաստանին հատկացվող օժանդակությունը, Ադրբեջանին կզրկի այդ հատկացումներից, կամ առնվազն կպահպանի հավասարակշռություն։

XS
SM
MD
LG