Մատչելի հղումներ

Նորից լարվում են Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները


՝՝Եթե ՆԱՏՕ-ի անդամ պետությունները կարծում են, որ հարցականի տակ չի կարող դրվել իրենց անվտանգությունը, Ռուսաստանինը՝ կարելի է, ապա մեր միջեւ համաձայնություն կայացնելն անհնար է՛՛։
Այս միտքն արտահայտեց ՆԱՏՕ-ում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Ռոգոզինը Վրաստանի տարածքում զորավարժություններ անցկացնեու Հյուսիսատլանտյան դաշինքի որոշման կապակցությամբ։


Ռուս-վրացական պատերազմի պատճառով ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջեւ սրված հարաբերությունները մեղմելու որոշ փորձերից հետո ահա նորից առաջ է գալիս լարվածություն կողմերի միջեւ։ Ինչպես Ռոգոզինն է ասում, մայիսի 6-ից մինչեւ հունիսի 1-ը Վրաստանում անցկացվելիք զորավարժությունները Ռուսաստանը կդիտի որպես սադրանք։ Որպես հարաբերությունների նորից սրման փաստ կարելի է համարել նաեւ այն հանգամանքը, որ Մոսկվան հրաժարվում է ներկա գտնվել Վրաստանի հարցով ՆԱՏՕ-ի 28 անդամ պետությունների մասնակցությամբ մայիսի 7-ին անցկացվելիք հանդիպմանը։


Ճիշտ է, ՆԱՏՕ-ի պաշտոնատար անձինք ասում են, թե ՆԱՏՕ-ը Ռուսաստանին հրավիրում է մաս կազմել 19 երկրների մասնակցությամբ անցկացվելիք այս զորավարժություններին, ու նշում, որ այն բացարձակապես չի սպառնում Ռուսաստանի անվտանգությանը, Մոսկվան համոզված է, որ Թբիլիսին ունի օգոստոս ամսին պարտված պատերազմի արդյունքում կորցրած տարածքները հետ գրավելու նպատակ։

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ռոբերտ Ուուդն ասում է, թե զորավարժություններն ընդհանրապես ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջեւ բնականոն հարաբերությունների մաս են կազմում։ ՝՝Այս վարժություններն՛՛, ասում է նա, ՝՝նպատակ ունեն Վրաստանին հասցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին՛՛։

՝՝Ես կարծում եմ, որ սա սխալ որոշում է, վտանգավոր որոշում, քանի որ, երբ ռազմական որեւէ դաշինք զորավարժություններ է անցկացնում այն տարածքների մոտակայքում, որտեղ միայն վերջերս էր առկա բարձր լարվածություն եւ որտեղ նույնիսկ այսօր իրադրությունը պարզ չէ, կարող է առաջ բերել տարբեր բարդություններ՛՛, ասել էր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ Մոսկվայում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ։

Իսկ այն հարցին, թե արդյոք չեն վնասվի հայ-ռուսական հարաբերությունները զորավարժություններին Հայաստանի մասնակցության փաստով, Համատեղ անվտանգության պայմանագիր կազմակերպության Հայաստանի գրասենյակի մամլո պատասխանատու Տիգրան Կարապետյանը, ըստ Հայաստանի հանրային ռադիոյի, ասել է, թե վաղուց է Հայաստանը կայացրել զորավարժություններին մասնակցելու որոշում։ Նա նաեւ անհամաձայնություն է հայտնել Քոչարյանի ու Օսկանյանի ժամանակներից սկսված ՝՝կոմպլեմենտար՛՛ քաղաքականության նկատմամբ։


Նա գտնում է, որ Հայաստանը պիտի հրաժարվի այդ դիրքորոշումից ու իր դիրքորոշումը հստակ ներկայացնի ռազմավարական իր գործընկերներին։

XS
SM
MD
LG