Մատչելի հղումներ

Թոքախտ հիվանդությունը նախկին խորհրդային որոշ հանրապետություններում վերածվում է համաճարակի


Առողջապահական միջազգային մի շարք կազմակերպությունների ուսումնասիրությունների համաձայն, բազմակի դեղերի նկատմամբ դիմադրողականություն ունեցող թոքախտ հիվանդության տարածումը նախկին խորհրդային մի շարք երկրներում ու Չինաստանում հասնում է համաճարակի մակարդակի։


83 երկրներում ավելի քան 9Օ հազար հիվանդների վրա անցկացված հետազոտությունները պարզել են, որ ամեն տարի թոքախտի 9 միլիոն գրանցված դեպքերից մոտ մեկ միլիոնն ունի դիմադրողականություն այս հիվանդության համար նախատեսված առնվազն մեկ դեղի նկատմամբ։
Նախկին խորհրդային 9 երկրներում երկու տարբեր գլխավոր դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականություն ունեցող այս հիվանդության տեսակները կազմում են 7-ից 22 տոկոսը։ Հիվանդության այս տեսակները հատկապես տարածված են Ադրբեջանում՝ 22 տոկոս։


Արեւելաեւրոպական երկրներում դեղերն արդյունավետ չեն թոքախտի գրանցված բոլոր դեպքերից մեկ հինգերորդի դեպքում։ Ավելի հարուստ երկրներում (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Նիդերլանդներ ու Նոր Զելանդիա), դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականություն ունի թոքախտի տեսակներից միայն մեկ տոկոսը։

Անցած 13 տարիներին, ըստ բժշկագիտական ուսումնասիրությունների, թոքախտի տարածման արագությունն ամենաբարձրն է նախկին խորհրդային երկրներում։

Ի դեպ, այդ տեսակների ավելի քան կես միլիոն դեպք է արձանագրվել միայն անցած երեք տարիների ընթացքում։
Թոքախտի սովորական տեսակներն այսօր հեշտությամբ բուժվում են մոտ 14 դոլար կազմող դեղերի միջոցով, եթե հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլում։
Սակայն այն դեպքերում, երբ թոքախտի մի տեսակը ձեռք է բերում դիմադրողականություն դեղերի նկատմամբ, այսինքն՝ երբ դեղը ճիշտ ու ժամանակին չկիրառwելու դեպքում կորցնում է թոքախտի տվյալ տեսակը բուժելու կարողությունը, հիվանդության դեմ պայքարելու համար ծախսերը կարող են հասնել տասնյակ հազարավոր դոլարների՝ առանց երաշխավորելու, որ տվյալ հիվանդը հրաժեշտ չի տալու կյանքին։


Ի դեպ, չնայած 199Օ-ականների կեսերից Հակաթոքախտային դիմադրողականություն համաշխարհային ծրագիրը ուժի մեջ մտնելու հանգամանքին, սուր վարակիչ այս հիվանդությունը մի շարք երկրներում կտրուկ աճել է։ Հարավային Կորեայում, օրինակ, 1994-ից մինչեւ 2ՕՕ7 թվականը թոքախտի բոլոր տեսակների թիվը 1.6 տոկոսից հասել է 1.7 տոկոսի։ Ռուսաստանի Տոմսկի մարզում բազմակի դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականություն ունեցող թոքախտի դեպքերը ավելի քան կրկնապատկվել են։


Իսկ ընդհանրապես բոլոր դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականություն ձեռք բերած ու մահացու տեսակներ հայտնաբերվել են աշխարհի 37 երկրներում, որոնց 25 տոկոսը՝ Ադրբեջանում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում ու Ռուսաստանում։
Ինչպես Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է հայտարարում, թոքախտի դեմ պայքարն ընթանում է դանդաղ հունով եւ ամեն տարի գրանցվում է այս հիվանդության 3Օ հազարով ավելի դեպք նախորդ տարվա համեմատ։


Աշխարհում այժմ թոքախտի բարդ տեսակներով ամեն տարի վարակվում է մոտ 9 միլիոն մարդ։ Ամեն տարի այս հիվանդությանը զոհ է գնում մոտ երկու միլիոն հիվանդ։

XS
SM
MD
LG