Մատչելի հղումներ

Հարցազրույց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ


Այսօր, երբ սեղանին են դրված հայ-թուրքական սահմանը բացելու եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցերը, երբ այս ընթացքում Ադրբեջանը կատարում է Լեռնային Ղարաբաղի խնդիրն այս հարցերի հիմքում դնելու փորձեր, հետաքրքիր է լսել ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց մեկնաբանությունները։

Այս նպատակով ՝՝ Ամերիկայի Ձայն՛՛-ի ադրբեջանական ծառայության թղթակիցը հանդիպում ունեցավ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ, որն իր գոհունակությունն արտահայտեց այն բանի համար, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քայլ առ քայլ հասնում են փոխըմբռնման։
՝՝Արձանագրվել է նկատելի առաջընթաց եւ հուսով ենք, որ եկող ամիսներին՝ մայիս-հունիսին, կարող ենք ակնկալել մի քանի հարցերում մեծ առաջընթաց՛՛, ասաց նա։

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը Բարաք Օբամայի կողմից ստանձնելուց հետո հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ չի արձանագրվել Ամերիկայի արտաքին քաղաքանության նկատելի փոփոխություն, ասում է Մեթյու Բրայզան, ավելացնելով սակայն, որ ի տարբերություն նախորդ վարչակազմերի, այստեղ առկա խնդիրները հարթելու գործընթացներում ներգրավվում են ամերիկացի բարձրաստիճան ավելի մեծաթիվ պաշտոնյաներ։
՝՝Հիշենք նախագահ Օբամայի հեռախոսազրույցները տարածաշրջանի երկրների ղեկավարների հետ, նրա այցը Թուրքիա, այս գործընթացում արտգործնախարար Հիլարի Քլինթընի մասնակցությունը։ Եւ որպես Մինսկի խմբի համանախագահ, կարող եմ ասել, որ չնայած այս տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը հիմնականում մնացել է անփոփոխ, այն դարձել է ավելի գործուն՛՛, ասաց Բրայզան։

Նրա խոսքերով, նախագահ Օբաման, որը մեծ վարկանիշ ունի Թուրքիայում՝ մինչեւ 6Օ տոկոս, ցանկանում է անել ամեն ինչ՝ այստեղ բոլոր հիմնահարցերին պատմական լուծումներ տալու համար։

՝՝Ոչ թե Թուրքիան է լավ չափանիշ, այլ՝ մեր հարաբերությունները։ ԱՄՆ-ի ու Թուքիայի միջեւ հարաբերությունները կարող են լավ օրինակ ծառայել մյուսների համար, թե ինչպես երկու երկիր կարող են համագործակցել՝ որդեգրելով Լեռնային Ղարաբաղի խաղաղության, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, տնտեսական նոր կապերի հաստատման ու ժողովրդավարությանը զարկ տալու հարցում միանման ռազմավարական նպատակներ՛՛, գտնում է նա։
Ամերիկան ոչ բոլոր երկրների հետ է կիսում նման արժեքներ, ասում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, ավելացնելով, որ Թուրքիան կարող է հանդիսանալ մահմեդական երկրում ժողովրդավարությունն առաջ տանելու մի լավ օրինակ։

Ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին էլ, ըստ Մեթյու Բրայզայի, այսօր հաղորդվում է նոր էներգիա։ Դրա վառ օրինակ է նա համարում Օբամայի ու Ալիեւի միջեւ հեռախոսազրույցը, որի ժամանակ ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե ինքը պատրաստվում է օգնել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը։

XS
SM
MD
LG