Երկուշաբթի օրը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականը պահանջող ցույցերի մասնակիցների թիվն անկում ապրեց։ Եթե անցյալ հինգշաբթի օրը բողոքի ելածների թիվն անցնում էր 6Օ հազարը, ապա մինչեւ երկուշաբթի այն աստիճանաբար իջավ 2Օ հազարի։
Բայց ցուցարարները կարողանում էին փակ պահել նախագահական պալատին հարող գլխավոր փողոցները։ Եւ ընդդիմությունը շարունակում է հայտարարել, թե փողոցներում է մնալու ամեն օր 24 ժամ ու տուն չի գնալու մինչեւ Սահակաշվիլիի հրաժարականը։
Այսօր մայրաքաղաքում բնակչությունը այնքան էլ միասնական չէ, քանի որ շատերն են դժգոհում փողոցների փակ լինելու հանգամանքի համար ու նախընտրում անդորրը, անկախ նրանից, թե ով է նախագահի աթոռին։
Սակայն ճնշող մեծամասնությունն է այսօր դատապարտում Սահակաշվիլիին անցյալ տարվա ռուս-վրացական պատերազմը սկսելու ու այն տանուլ տալու համար։ Վերլուծաբանները սա բացատրում են պատերազմի պայմաններում համախմվելու ժամանակաշրջանի ավարտով։ Եթե պատերազմի օրերին բոլորն էին Վրաստանում դատապարտում Ռուսաստանին ու հերոսացնում Սահակաշվիլիին՝ Ռուսաստանի նման հզոր պետության դեմ համարձակ խոսքեր արտասանելու համար, այսօր ավելի սթափ վիճակում հասկանում են, որ գործել են մեծ սխալ՝ գուցե մշտապես կորցնելով Աբխազիան ու Հարավային Օսիան։
Սահակաշվիլին, որը հաստատակամորեն է տրամադրված մինչեւ 2Օ13 թվականը իրեն տրված նախագահական ժամկետով երկիրը կառավարելու հարցում, եւ որին դատապարտում են նաեւ ժողովրդավարական ուղուց շեղվելու մեջ, հայտարարում է, թե պատրաստ է երկխոսություն սկսել ընդդիմության հետ։ Ընդդիմության որոշ առաջնորդներ ընդունել են բանակցելու առաջարկը, սակայն ոչինչ չի ասվում այն մասին, թե երբ ու որտեղ են հանդիպելու, եւ թե ինչ կտրվածքով է անցկացվելու հանդիպումը։
Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատունը ցույց չի տալիս միջամտության որեւէ նշան ու բավարարվում է միայն հայտարարությամբ, թե այն, ինչ տեղի է ունենում այսօր Թբիլիսիում, Վրաստանի ներքին խնդիրն է։
Սակայն չնայած այն հանգամանքին, որ Սահակաշվիլիի կառավարությունից վերջերս դուրս եկան նրա վաղեմի աջակիցներից մի քանիսը ու հակառակ ռուս-վրացական պատերազմից հետո կառավարության կազմում շարունակ տեղի ունեցող փոփոխություններին, Սահակաշվիլիի դիրքերն այնքան թույլ չեն, որ նա այս պահին ընդունի հրաժարականի պահանջը։
Ապստամբությունը չի բխում նաեւ Արեւմուտքի շահերից, որը կասպիական նավթը ներկրում է Վրաստանի տարածքով։