Մատչելի հղումներ

Ընդդիմությունը Վրաստանում հայտարարում է քաղաքացիական անհնազանդություն սկսելու մասին


Այսօր, երբ Վրաստանում շարունակվում են երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականը պահանջող ցույցերը, վերջինս կարողանում է պարզապես հանդես գալ այդ ցույցերը որպես ժողովրդավարության արտացոլում պատկերող հայտարարություններով։
Իր հրաժարականը պահանջող բողոքի ալիքը նա համարում է նաեւ ժողովրդավարության ուժ ու կոչ անում սկսել երկխոսություն, նշելով, թե իր առաջարկը ՝՝իրական է ու էական՛՛։

՝՝Ես հավատացած եմ, որ այն կտա իրական արդյունք՛՛, ասում է նա, միեւնույն ժամանակ ավելացնելով, թե ինքը չի ենթարկվի իր հրաժարականը պահանջող որեւէ վերջնագրի, գուցե մոռանալով, որ ինքն իշխանության եկավ հենց վերջնագրերով, խորհրդարան ներխուժելով ու ժողովրդի աչքին, հատկապես արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ, հրապարակավ մեծամիտ հայտարարություններ անելով, ինչի արդյունքում կորցրեց տարածքներ, ձեռք բերեց ժամանակավոր հերոսի համբավ ու այժմ կանգնած է այն լիովին կորցնելու մեծ հնարավորության առջեւ։

Այսօր նա ասում է, թե Վրաստանը օրենքի երկիր է ու այնտեղ գործում են՝ իրար լսելով, միմյանց կարծիքը հաշվի առնելով, մամուլն ու ազատությունները պաշտպանելով։
Այս ընթացքում հազարավոր ցուցարարներ արգելափակում են երկրի խորհրդարանին հարող փողոցները, իսկ Սահակաշվիլիի խոսքերը՝ ավելի մեծացնում զայրույթի ալիքը։
Ինչպես ընդդիմության առաջնորդներից Թինա Խիդաշելին է ասում, իրենք ցավում են, որ Սահակաշվիլին որոշել է ծաղրի ենթարկել իրենց պահանջները։ Նա նաեւ խոստանում է շարունակել բողոքի սկսված ակցիան։

Այսօր Սահակաշվիլիի կառավարությունը չունի զինված ուժի ապավինելու այնպիսի հնարավորություն, ինչպես 2ՕՕ7 թվականին, երբ ոստիկանությունը, արցունքաբեր գազով ու ջրցան մեքենաներով էր ցրում ցուցարարներին։ ՝՝Չունի, քանի որ հատել է նման գործողություններով իր հարցերը լուծելու բարոյական սահմանը՛՛, ասում են վերլուծաբանները։ Քանի որ ժողովուրդը, ասում են նրանք, աստիճանաբար ավելի լավ է ըմբռնում, որ անցյալ տարվա օգոստոսյան պատերազմի պարտության գլխավոր պատասխանատուն ինքը՝ Սահակաշվիլին է, որը չի իրականացրել նաեւ ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու խոստումները։
Ու եթե վրացիներն իրենց 41 ամյա առաջնորդին նախկինում համարում էին արեւմտամետ խանդավառ մի ղեկավար, այսօր նրան դիտում են որպես ինքնակալական թեքումներ ունեցող մի նախագահի։


Վրաստանի ընդդիմությունը եւս հիմնականում ունի արեւմտամետ կողմնորոշում, սակայն գիտակցում է, որ Սահակաշվիլիի եւ Ռուսաստանի առաջնորդների միջեւ թշնամանքն է վնասել Վրաստանի շահերը։


Ընդդիմությունը մտադիր է անդամալուծել գլխավոր փողոցները եւ սկսել քաղաքացիական անհնազանդություն։

XS
SM
MD
LG