Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը մտածում է Կուբայի հետ երկխոսություն սկսելու մասին


ԱՄՆ-ի Կոնգրեսի մի պատվիրակություն, որը վերջերս վերադարձավ հարեւան Կուբայից, որտեղ հանդիպումներ էր ունեցել այս երկրի նախկին ու ներկա նախագահներ Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոների հետ, պատրաստվում է կոչ անել նախագահ Օբամային՝ հանել Կուբայի նկատմամբ տասնամյակներ տեւած բեռնարգելքը եւ սկսել երկխոսություն Հավանայի հետ։


Ինչպես պատվիրակության անդամներից Բարբարա Լիին է ասում, Ֆիդել Կաստրոն ուներ շատ աշխույժ տեսք ու իրենց հետ մեծ հետաքրքրությամբ է զրուցել ավելի քան երկու ժամ։
Նախկին ու ներկա նախագահները պաշտպանել են 5Օ տարի տեւած դիվանագիտական ու տնտեսական խզված կապերը վերահաստատելու գաղափարը։
՝՝Ժամանակն է նոր ուղղությամբ նայելու համար։ 5Օ տարի տեւած տնտեսական պատժամիջոցներն իրենց չեն արդարացրել՛՛, ասում է կոնգրեսականն ու ավելացնում, թե հարկավոր է խոսել Կուբայի հետ։


Դեռեւս նախընտրական արշավի ժամանակ էր Բարաք Օբաման դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում անցյալ տարի հայտարարել Կուբայի ղեկավարության հետ հանդիպելու մտադրության մասին։ Եւ նա, պաշտոնական որոշ աղբյուրների համաձայն, շուտով կհայտարարի դեպի այս կղզի ճամբորդելու վրա դրված արգելքը մեղմելու մասին։


Սակայն Սպիտակ տան խորհրդականներից Ջեֆրի Դավիդոֆի խոսքերով, սա դեռ բեռնարգելքի կասեցում չէ։ Նա ասում է, թե նախագահ Օբաման ցանկանում է, որ մինչեւ ԱՄՆ-ը դադարեցնի բեռնարգելքը եւ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, Կուբան պիտի գնա ժողովրդավարական ուղով ու բարելավի մարդու իրավունքների պաշտպանությունը։

Սակայն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում, որտեղ գտնվում է կուբացիների ամենամեծ համայնքն այս երկրում, շատերն են դեմ Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխմանը։
Նրանք կարծում են, որ նման կապեր հաստատելու դեպքում ավելի կերկարաձգվի Կաստրոյի վարչակարգը։


Պետք է ասել, որ ամերիկյան պատվիրակությունն այցի ժամանակ չի բարձրացրել ժողովրդավարությանն առնչվող հարցեր։
՝՝Մենք այնտեղ էինք, ոչ բանակցելու նպատակով՛՛, ասում է կոնգրեսական Բարբարա Լիին, ու շեշտում, որ իրենց նպատակն էր պարզապես ստանալ առաջին տպավորություն, զրուցել մարդկանց հետ ու հետ գալ՝ առաջարկություններ անելու համար։


Ինչպես պատվիրակության անդամներն են հիշեցնում, ԱՄՆ-ը այժմ ունի դիվանագիտական ու տնտեսական լիակատար հարաբերություններ մի շարք պետությունների հետ, չնայած այդ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության հարցերի հետ կապված տարաձայնություններին։

XS
SM
MD
LG