Մատչելի հղումներ

Նամակ Օբամային՝ Թուրքիա մեկնելուց առաջ


ԱՄՆ-ի Կոնգրեսի 4 անդամներ մարտի 3Օ-ին Հայաստանի ու Թուրքիայի նախագահներին հղեցին նամակ, որը սկսվում է հետեւյալ տողերով.
՝՝Որպես ԱՄՆ-ի կոնգրեսականներ, ովքեր մեծապես հետաքրքրված են Հայաստանով ու Թուրքիայով եւ ցանկանում են կովկասյան այս տարածաշրջանում տեսնել խաղաղություն, անվտանգություն ու բարգավաճում, շեշտում ենք երկու երկրների միջեւ հարաբերությունները բարելավելու եւ ի վերջո դիվանագիտական, քաղաքական ու տնտեսական հարաբերություններ հաստատելու գործում մեր աջակցությունը՛՛։

Նամակում կոնգրեսականներ Ռոբերտ Ուեքսլերը, Այք Սկելթընը, Էլսի Հեսթինգզը եւ Ջոն Մըրթան կոչ են անում փոխվստահության եւ համագործակցության միջոցով բուժել բաց վերքերը եւ երկու երկրների համար ապահովել լավ ապագա։ Նրանք շեշտում են, որ հայ-թուրքական հաշտեցումը պետք է լինի ԱՄՆ-ի առաջնային հարցերից մեկը։

Կոնգրեսականներից Ուեքսլերը, մեկնաբանելով իրենց նամակի բովանդակությունը, ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տված հարցազրույցում ասում է, թե իրենք, ցավելով պատմության դառը տարիներին զոհ գնացածների համար, այս նամակով փաստորեն առաջարկում են Կոնգրեսին ու վարչակազմին կենտրոնանալ անվտանգության հետ կապված Ամերիկայի շահերի վրա եւ ապահովել Իրաքից 14Օ հազար թվակազմով զորքերի անվտանգ դուրսբերումը, ինչի համար կարեւոր է Թուրքիայի հետ համագործակցությունը։

՝՝Քանի որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ արդեն սկսվել են հարաբերություններ հաստատելու փորձեր, Ամերիկան պիտի աջակցի այս գործընթացը եւ չանի այն վնասելու հնարավորություն ունեցող որեւէ քայլ՛՛, ասում է նա։



Ելնելով այն հանգամանքից, որ նամակի հեղինակ չորս կոնգրեսականներից եւ ոչ մեկը կողմ չի քվեարկել Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի օգտին, որոշեցինք այս առնչությամբ ծանոթանալ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի տեսակետին։ Ինչպես կազմակերպության մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Էլիզաբեթ Չուլջյանն է ասում.
՝՝Կոնգրեսական Ուեքսլերը, որը Կոնգրեսում թուրքական հարցերով ենթահանձնաժողովի նախագահն է, եւ մյուս երեք կոնգրեսականները, ովքեր բազմիցս հերքել են ցեղասպանությունը, այս նամակով փորձում են ապրիլից առաջ հանել ցեղասպանության հարցը լուսարձակի տակից՛՛։


Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունները կապ չունեն Ցեղասպանության մասին բանաձեւի հետ։
՝՝Ամերիկյան կառավարությունը կարող է ճշմարիտ խոսել իրականության մասին եւ այդ հանգամանքը բացասաբար չպետք է ազդի թուրք-ամերիկյան կամ հայ-թուրքական հարաբերությունների վրա՛՛, ասում է նա։

Քաղաքական վերլուծաբան Ռիչար Կիրակոսյանը գտնում է, որ սա մի պահ է, որը Թուրքիային տալիս է սահմանները բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ Հայոց ցեղասպանության հարցը քննարկելու ուրույն հնարավորություն։

Նամակը, որը հղված է Օբամայի կողմից Թուրքիա կատարելիք այցի նախօրեին, նրա խոսքերով, ակնարկում է Կոնգրեսում Ցեղասպանության բանաձեւի քննարկումը ապրիլից հետո հետաձգելու մասին, որի նպատակը Թուրքիային մեղմելն է։



Այսօր դեռեւս հարց է, թե արդյոք նախագահ Օբաման, որը բազմիցս է ասել, թե ԱՄՆ-ը պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ի իր ուղերձի մեջ կարտասանի ՝՝ցեղասպանություն՛՛ բառը, թե՝ ոչ։ Շատերն են կարծում, որ Թուրքիա կատարած նրա այցը հավանաբար տա այս հարցի պատասխանի ուրվագիծը։

Հիշեցնենք, որ բանաձեւը մի քանի օր առաջ ներկայացվեց Ներկայացուցիչների պալատ, որն այժմ ու մինչեւ լիագումար նիստի քննարկմանը դրվելը, այն պիտի անցնի մի քանի փուլով։ Առայժմ այն արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովում է։ Դեռեւս չկան տեղեկություններ այն օրակարգ մտցնելու ժամանակացույցի մասին։

XS
SM
MD
LG