Մատչելի հղումներ

Կարտասանի՞ արդյոք նախագահ Բարաք Օբաման ՝՝Ցեղասպանություն՛՛ բառը


՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը վերջերս տված բացառիկ հարացազրույցում ԱՄՆ-ի Ներակայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանն ասաց, թե հույս ունի, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը կհաստատվի Պալատում, սակայն, միեւնույն ժամանակ նշելով, որ այդ հարցը հավանաբար քննարկվի Օբամայի կողմից ապրիլի 5-ից 7-ը Թուրքիա կատարելիք այցի ընթացքում։

Այս այցը, որը նախորդում է Հայոց ցեղասպանութան 94-րդ տարելիցին, հարցականի տակ է դնում նախընտրական արշավի ժամանակ թեկնածու Օբամայի արտասանած հետեւյալ խոսքերն իրականություն դարձնելու հնարավորությունը։ Նա ասել էր. ՝՝Հայոց ցեղասպանությունը պարզ մեղադրանք չէ ու ոչ էլ՝ անձնական կարծիք, այն լիովին փաստագրված իրականություն է՛՛։

Սակայն ինչպես ՝՝Լոս Անջելես Թայմս՛՛ օրաթերթն է գրում, նախագահ Օբաման այսօր դրանում համոզված չէ, քանի որ նրա օգնականները հավանաբար խորհուրդ են տվել հետ կանգնել ապրիլի 24-ին իր ուղերձի ժամանակ ՝՝ցեղասպանություն՛՛ բառն արտասանելու խոստումներն իրականացնելուց։

՝՝Ուրեմն կարելի՞ է ասել, որ Օբաման կեղծավոր է, ստախոս կամ մեկը, ով կարող էր տալ ամեն տեսակի խոստումներ՝ միայն ընտրվելու համար՛՛, հարց է տալիս թերթը ու պատասխանում, որ այնքան էլ ոչ։ Թերթը ցանկանում է բացատրել, որ որեւէ նախագահ, Սպիտակ տուն մտնելով, կանգնում է քաղաքական այնպիսի փաստերի առջեւ, որոնք տեսանելի են միայն փակ դռների հետեւում։

Չնայած Օբաման արդեն կատարել է կամ կատարում է դաժան հարցաքննություններն արգելելու, սաղմի ցողունային բջիջների ուսումնասիրության համար պետական ֆոնդեր հատկացնելու, Գուանտանամոյի բանտը փակելու մասին խոստումները, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը դրվում է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու հարցի հետ կշեռքի մյուս նժարին։ Սակայն, ինչպես գրում է ՝՝ԼԱԹ՛՛-ը, չնայած թուրքական կողմի ճնշումներին, իրականության հերքումը հարցի լուծում չէ ու հարկավոր է, որ Օբաման, եթե ոչ այս ապրիլի 24-ին, ապա՝ շատ մոտ ապագայում անպայման ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

՝՝Turkish Weekly՛՛ պարբերականը ապրիլի 24-ի նախօրեին հրապարակում է հոդվածներ, որոնք լի են Հայոց ցեղասպանությունը հերքելու փորձերով։

Իսկ ՝՝Ռոյթերզ՛՛-ի հոդվածներից մեկի համաձայն, Բարաք Օբաման, Թուրքիա այցելելով, այսօր Թուրքիային տալիս է այս ամբողջ տարածաշրջանում այդ երկրի դերը մեծապես բարձրացնելու հնարավորություն։ ՝՝Չնայած Թուքիան չունի կախարդական բանալի, այն մեծապես կարող է օգնել ԱՄՆ-ին Իսրայելից մինչեւ Աֆղանստան, Սիրիա, Իրաք ու Իրան, Կիպրոսից մինչեւ Կովկաս ձգվող հակամարտությունները հարթելու գործում՛՛, գրում է թերթը ։

՝՝Նրա այցը Թուրքիա կարող է դիտվել որպես մահմեդական աշխարհին հղված դրական մի ուղերձ, որը կարող է վտանգի տակ հայտնվել այն դեպքում, երբ նա արտասանի ՝՝ցեղասպանություն՛՛ բառը, ասում է Ամերիկյան առաջընթաց կենտրոնի վերլուծաբան Լորենս Քորբը՝ արտասանելով ցեղասպանություն բառի միայն առաջին հնչյունը։

Թուրքիայի դերը կարեւորում է նաեւ Միջազգային ճգնաժամային խումբ հաստատության վերլուծաբան Հյու Փոփը, որը հարց է տալիս, թե ով, բացի Թուրքիայից, այսօր կարող է գնալ Մոսկվա, Թբիլիսի, Թեհրան ու Թել Ավիվ, ով կարող է խոսել Սիրիայի Համասի ու Եգիպտոսի, ու լավ հարաբերություններ ունենալ Սաուդյան Արաբիայի հետ։ Նա դրանով իսկ կասկած է հայտնում, որ Օբաման կկատարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը։

Ինչպես Ուիլսոնի անվան կենտրոնի վերլուծաբան Ջոն Ստիլիդեսն է ասում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թուրքական ծառայությանը, որեւէ մեկն այսօր չի կարող ասել, թե արդյոք Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը թե՝ ոչ։ ՝՝Սակայն հարկ է բացատրել, որ երկրի նախագահը չէ որ առաջնորդում է Կոնգրեսը, տվյալ դեպքում, Ներկայացուցիչների պալատը, այլ՝ Նենսի Փելոսին, որը երկար տարիներ է աջակցել ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը։

՝՝Բուշը մի քանի տարի առաջ կասեցրեց բանաձեւի ընդունումը, Իրաքում ամերիկյան ուժերի անվտանգությունն ապահովելու պատճառաբանություններով, եւ ես համոզված չեմ, որ այսօր կան նման պատճառաբանությունների հնարավորություններ՛՛, ասում է նա։

՝՝Կարծում եմ՛՛, ավելացնում է վերլուծաբանը, ՝՝որ Թուրքիայում Օբամայի վարչակազմի անդամները կբացատրեն, որ Ներկայացուցիչների պալատում ցեղասպանության ճանաչումը չի նշանակում ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականություն՛՛։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայության հետ զրույցում կոնգրեսական Բրեդ Շերմանը նույնպես ասել էր, որ Կոնգրեսի որոշումից առավել, կարեւոր է երկրի նախագահի հայտարարությունը։


XS
SM
MD
LG