Մատչելի հղումներ

Հարցազրույց Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գործադիր տնօրենի պաշտոնակատարի հետ


Վերջերս Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան Վաշինգտոնում անցկացրեց հերթական իր հանդիպումը, որի ընթացքում հանդես եկավ նաեւ կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնակատար Ռոդնի Բենթը։ Հաջորդ օրը նա բացառիկ հարցազրույց տվեց ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը՝ պատասխանելով Հայաստանին վերաբերող մի քանի հարցերի։
Նրա խոսքերով, մարտ ամսին Հայաստանի արտգործնախարարի կողմից իրենց հղված նամակը, որով նախարարն ընդունում է, որ Հայաստանում դեռեւս կան հարցեր, որոնք չեն գոհացնում ո՛չ Կորպորացիայի ղեկավարությանը եւ ո՛չ էլ Հայաստանի իշխանություններին, մի տեսակ հուսադրող սկիզբ է ազդարարում։


Խոսքը վերաբերում է կառավարման լավ եղանակներին, երկրում կարգ ու կանոնին եւ քաղաքական իրավունքներին։
Ո՞րոնք են այն կարեւոր հարցերը, որ պիտի լուծվեն Հայաստանում՝ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայից ֆինանսավորումը վերականգնելու համար։


Այս հարցին Ռոդնի Բենթը պատասխանում է.
՝՝Ամենակարեւորը ժողովրդավարության ուղուն վերադառնալն է։ Հազարամյակի մարտահրավերը, որի նախագահն է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթընը, ուզում է Հայաստանում տեսնել այն պատկերը, որ կար նախկինում, եւ ընդգծում այս հարցին շատ լուրջ մոտենալու հանգամանքը՛՛։
Այդ պատճառով է, ասում է նա, տնօրենների խորհուրդը որոշել Հայաստանի հարցով սպասել ոչ թե հերթական հանդիպմանը, այլ մինչեւ այն, հրավիրել արտահերթ հանդիպում։ Նա կարծում է, որ Հայաստանին վերաբերող արտահերթ այդ հանդիպումը կանցկացվի եկող 6 շաբաթների ընթացքում։
Իսկ ինչպե՞ս է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան գնահատում ներկա իրադրությունը Հայաստանում։ Տեսնո՞ւմ է արդյոք այն առաջընթաց։

Կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնակատար Ռոդնի Բենթն այս հարցին պատասխանում է, ասելով, թե իրենք գնահատականներ չեն տալիս, այլ հենվում երրորդ կողմի գնահատականների վրա, ըստ որոնց մինչ այժմ Հայաստանը բավարարել է ներկայացված 6 պահանջներից միայն մեկը։
՝՝Գյուղական ճանապարհների կառուցման համար Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի այս պահին սառեցված ֆինանսավորումը կվերսկսվի, եթե նման որոշում կայացնի տնօրենների խորհրդի արտահերթ հանդիպումը՛՛, ասում է նա։

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնակատարն ասում է, թե իրենք ունեն հույսեր, որ Հայաստանի կառավարությունը կիրականացնի քայլեր, ապացուցելու, որ ժողովրդավարության ուղու վրա կատարվում է առաջընթաց ։

XS
SM
MD
LG