Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի առաջին այցը Մերձավոր Արեւելք


Մերձավոր Արեւլքի շուրջ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականության պտտվող առանցքը ոչ միայն երկար է, այլեւ՝ լի դժվարություններով։ Եւ Հիլարի Քլինթընի կողմից երկրի արտգործնախարարի պաշտոնում այս տարածաշրջան կատարած առաջին այցը պարզորոշ արտացոլում է այդ դժվարությունները հաղթահարելու դժվարությունները։


Այցը համընկնում է Իսրայելում իշխանության անցումային փուլի հետ, ինչը նույնպես դժվարության տեղիք է տալիս։ Բենյամին Նեթանյահուն այժմ զբաղված է կոալիցիոն նոր կառավարություն կազմելու աշխատանքներով։ Մերձավորարեւելյան խաղաղության բանակցություններում ԱՄՆ-ի դիրքերը նրա կողմից քննադատության ենթարկվելու փաստը խոսում է ԱՄՆ-ի ու Իսրայելի նոր վարչակազմերի միջեւ սուր հակասություններ առաջ գալու հնարավորության մասին, չնայած այն հանգամանքին, որ Քլինթընն ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Նեթանյահուի կառավարության հետ։ Հարցն այն է, որ, լինելով կարծր դիրքային, Նեթանյահուն դեմ է պաղեստինցիների հետ երկու պետություն գաղափարին։ Ճիշտ է, Քլինթընը դեռեւս չի քննադատել Նեթանյահուի այս գիծը, սակայն պնդել է, որ Ամերիկան նախատեսում է խաղաղության գործարք, որն ընդգրկում է պաղեստինյան պետություն հիմնելու մասին կետ ու ընդգծել, որ ԱՄՆ-ը, երկու պետություն գաղափարն իրականացնելու ուղու վրա, ջանք չի խնայելու։


Սակայն, հայտարարելով հանդերձ, թե ոչ մի երկիր, այդ թվում՝ Իսրայելը, չի կարող հանդուրժել իր տարածքների անընդհատ հրթիռակոծում, Քլինթընը չի անդրադառնում ծովից, օդից ու ցամաքից Իսրայելի կողմից սկսված ռազմական գործողությունների արդյունքում պաղեստինցի 13ՕՕ զոհերին։ Այդ պատճառով ոմանք, այդ թվում՝ Համաս մահմեդական շարժման խոսնակը կարծում են, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել, եւ որ այն շարունակում է առաջնորդվել երկակի չափանիշներով։
Սակայն այս հարցի պատասխանը ստանալու համար հարկավոր է ապավինել ժամանակին։ Չէ որ Օբաման խոստացել է իրականացնել իր խոստումները։

Այդ խոստումների մեջ է մտնում այս տարածաշրջանում բոլոր երկրների հետ դիվանագիտական եղանակով առկա խնդիրները լուծելու կոչը։ Եւ ահա պետքարտուղար Քլինթընը հայտարարում է, թե ԱՄՆ-ը նախնական զրույցների համար շուտով երկու հանձնակատար կուղարկի Սիրիա, ինչը շեշտում է Դամասկոսի հետ եւս հարաբերությունները վերականգնելու Օբամայի վարչակազմի դիրքորոշումը։

Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերություններին, Քլինթընը գտնում է, որ այս հարցը շատ բարդ է։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ նա ասել է, թե շատ կասկածելի է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը կհամոզի Իրանին մեղմացնել ի՛ր դիրքերը։

Ինչպես որոշ վերլուծաբաններ են ենթադրում, Քլինթընի այս մեկնաբանությունները հուշում են, որ չնայած ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերին, այն գուցեեւ ծրագրում է Իրանի հետ հարցերը լուծելու հաջորդ փուլը։ Եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, ինչի համար արդեն ունի հարստացված բավարար քանակով ուրան, դիրքային պատկերն այս տարածաշրջանում կտրուկ կարող է փոխվել։


Այդ պատճառով Օբաման Ռուսաստանի իր պաշտոնակցին հղած նամակում գրում է, որ եթե Մոսկվան կարողանա խոչընդոտել Իրանում հեռահար հրթիռների արտադրության գործընթացը, ապա Արեւելյան Եւրոպայում հակահրթիռային պաշտպանական համակարգ ստեղծելու ԱՄՆ-ի ծրագիրը կդառնա ոչ անհրաժեշտ։

XS
SM
MD
LG