Մատչելի հղումներ

Իրանի Բուշերի ատոմակայանն իր կանոնավոր գործարկումը կսկսի այս տարվա վերջին



Իրանը չորեքշաբթի օրը կսկսի ատոմային իր առաջին էլեկտրակայանի փորձնական գործարկումը, այն օրը, երբ այստեղ կժամանի Ռուսաստանի ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիյենկոն։ Իրականություն, որը չափազանց մտահոգում է Արեւմուտքին, հատկապես՝ ԱՄՆ-ին, որոնք հավատացած են, որ Իրանի միջուկային ծրագրերի գլխավոր նպատակը ատոմային զենք ստեղծելն է։


Այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ատոմային էներգիայի գործակալությունը հրապարակեց մի զեկույց, որտեղ ասված է, թե Իրանը կուտակել է ատոմային ռումբ պատրաստելու համար անհրաժեշտ քանակով հարստացված ուրան, ԱՄՆ-ի Սպիտակ տունը կոչ արեց միջազգային համայնքին իր ուշադրությունը սեւեռել այդ փաստի վրա։ Միջազգային գործակալության զեկույցում ասված է, թե Թեհրանը, ուրանի հարստացման աշխատանքները շարունակելով, շարունակում է միջազգային իր պարտավորությունների ոտնահարումը։ Այն մեղադրում է Իրանին նաեւ հարստացված ուրանի քանակի մասին մեկ երրորդով սխալ տեղեկություններ հաղորդելու մեջ։

Այս կապակցությամբ իրենց մտահոգություններն են հայտնում ՄԱԿ-ում Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները, ասելով, թե անհանգստացուցիչ է Իրանի կողմից այս ծավալի նվազ հարստացված ուրան կուտակելու փաստը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանն ունի ատոմային միայն մեկ կայան, որի միջուկային վառելիքը ստանալու է բացառապես Ռուսաստանից։ Այսինքն, ասում են նրանք, Իրանը, եթե միայն ունի էլեկտրաէներգիա արտադրելու նպատակ, չպիտի ունենար հարստացված ուրանի նման կուտակման կարիք։


Իրանի արտգործնախարարության խոսնակ Հասան Քաշքավին, այս աղմուկից հետո նորից շեշտում է միջուկային ծրագրերը շարունակելու Իրանի նպատակը, հայտարարելով, թե այդ ծրագրերը ենթակա են ՄԱԿ-ի ատոմային էներգիայի գործակալության վերահսկողությանը եւ որ Իրանը չունի թաքցնելու ոչինչ։
Նա ասում է, թե Բուշերի ատոմակայանի ծրագրերը համապատասխանում են Ռուսաստանի հետ կնքված համաձայնագրին եւ որ երկու երկրների ատոմային էներգիայի գործակալությունների ղեկավարներ Կիրիյենկոյի ու Աղազադեի հանդիպումից հետո, կհրապարակվեն բոլոր մանրամասնությունները։


Ռուսաստանի օգնությամբ Բուշերի 1ՕՕՕ մեգավատ հզորությամբ ատոմակայանի կառուցումը սկսվել է 1995 թվականից, որի գործարկման համար, ըստ Արեւմուտքի, Իրանը Ռուսաստանից արդեն իսկ ստացել է անհրաժեշտ ծավալով վառելանյութ։
Հաջող փորձարկման դեպքում, Բուշերը կանոնավոր գործարկումը կսկսի այս տարվա վերջին։

Ըստ միջազգային գործակալության տվյալների, Իրանը կուտակել է 8ՕՕ կգ նվազ հարստացված ուրան, ինչը բավարար է միջուկային մեկ մարտագլխիկ պատրաստելու եւ միջազգային բեմահարթակում այսպիսով իր դերը մեծացնելու հնարավորությունների համար։


XS
SM
MD
LG