Մատչելի հղումներ

Ի՞նչ կտա տնտեսությունը խթանելու Բարաք Օբամայի ծրագիրը ԱՄՆ-ին


ԱՄՆ-ի 3Օ-ական թվականների Մեծ լճացման տարիները պատկերվում են անտուն ու անգործ միլիոնավոր մարդկանց տեսքով, մի բան, ինչի կրկնությունը, նախագահ Բարաք Օբամայի խոսքերով, չպետք է թույլ տրվի։
Նա պարբերաբար հայտարարում է, որ երբ մասնավոր սեկտորը կաղում է, կառավարությունը պիտի միջամտի։
Նման հավատը 3Օ-ականների Մեծ լճացման տարիներին ստիպեց նախագահ Ռուզվելտին կազմել աշխատանքային պետական ծրագրեր։ Երբ 1933 թվականին նա դարձավ նախագահ, երկրի յուրաքանչյուր չորս բնակչից մեկը գործազուրկ էր։

Նա ուներ գլխավոր երկու նպատակ. մարդկանց աշխատանքով ապահովումը եւ Ամերիկայում սոցիալական ապահովության համակարգի ստեղծումը։
Այսօր Ամերիկայի տնտեսությունն ունի նույն խնդիրները ու դրանք լուծելու գործում՝ 3Օ-ականների փորձից օգտվելու պարտավորություն։

Սակայն արդյո՞ք Ռուզվելտի ՝՝Մեծ գործարք՛՛ անվանումը կրող ծրագիրը հանեց ԱՄՆ-ը ճգնաժամից, թե՞ այն ավելի ծանրացրեց իրադրությունը։
ԱՄՆ-ի Կոնգրեսում այսօր կան հանրապետական օրենսդիրներ, ովքեր կարծում են, թե այդ ծրագիրն ավելի երկարաձգեց ճգնաժամը ու պետությանը դրեց ավելի մեծ դժվարությունների առջեւ։ Նրանք ասում են, թե տնտեսությանը զարկ տալու Օբամայի ծրագիրը կրկնում է նույն սխալը։


Ինչպես տնտեսական վերլուծաբան Դեն Միթչելն է ասում, 3Օ-ականներին պետության միջամտությունը, բարձր հարկերը եւ պետական մեծ ծախսերը 7 տարի երկարաձգեցին ճգնաժամը՝ հետ պահելով տնտեսության վերականգնումը։
Ոմանք էլ ասում են, թե ընդհակառակը՝ Մեծ գործարքի սխալն այն էր, որ այն այնքան էլ մեծ չէր ժամանակի մարտահրավերները հաղթահարելու համար։


Կոլումբիայի համալսարանի պատմաբան Ալան Բրինքլին գտնում է, թե այդ ծրագիրն այն ժամանակ այնքան ծավալուն չէր, որ փոխհատուցեր ճգնաժամի հարուցած ամբողջ կորուստը։
՝՝Եթե ուզում եք հաղթահարել տնտեսության ծայրահեղ անկումը, հարկավոր է հանդես գալ ծայրահեղ մեծ նախաձեռնությամբ՛՛,- ասում է նա։

Տնտեսությանը զարկ տալու նախագահ Օբամայի խթանիչ ծրագիրը բխում է այն տեսությունից, ըստ որի, տնտեսության անկման ժամանակ պետությունը պիտի կատարի ծախսումներ ու տրամադրի հատկացումներ։ Ու երբ այս ծրագիրը մտնի ուժի մեջ, տնտեսության տարբեր տեսությունների կողմնակից բազում տնտեսագետներ պիտի ուշադրությամբ հետեւեն, թե ինչ արդյունք է տալու այս փորձը ու հուսան, որ փորձը չի վերածվի փորձանքի։

XS
SM
MD
LG