Մյունխենի Անվտանգության 45-րդ վեհաժողովը երկար կհիշվի Եւրոպայի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանորոգելու եւ իր արտաքին քաղաքականությունը նոր ձայներանգով ներկայացնելու մասին ԱՄՆ-ի նոր վարչակազմի պատրաստակամության շուրջ այստեղ հնչած հայտարարությունների պատճառով։ Եռօրյա վեհաժողով, որին մասնակցում էին պաշտպանության հարցերով բազմաթիվ փորձագետներ, նախարարներ ու ավելի քան մեկ տասնյակ երկրների կառավարությունների ու պետության ղեկավարներ։ Վեհաժողով, որի քննարկման առանցքային հարցերից էին Իրանի միջուկային ծրագրերը, Աֆղանստանը, ՆԱՏՕ-ի ապագան ու ռուս-ամերիկյան հարաբերությունները։
՝՝Ես Եւրոպա եմ ժամանել ԱՄՆ-ի նոր վարչակազմի անունից աշխարհի հետ Վաշինգտոնի նոր մոտեցումները ներկայացնելու համար՛՛, հայտարարեց ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը, հավելելով, թե նոր մոտեցումների արմատները ընդհանուր մարտահրավերները դիմակայելու հարցում անհրաժեշտություն դարձած համագործակցության մեջ են։
՝՝ԱՄՆ-ի նոր վարչակազմի արտաքին ու անվտանգության քաղաքականությունը կենտրոնանալու է միջատլանտյան նոր հարաբերություններ զարգացնելու եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու վրա՛՛, հայտարարեց Բայդընը՝ այսպիսով շեշտելով եւրոպական դաշնակիցների հետ հարաբերություններում ուրիշների կարծիքն անտեսելու Բուշի քաղաքականությունից հրաժարվելու նոր վարչակազմի դիրքորոշումը։
Նա խոստացավ, որ Վաշինգտոնը անկեղծորեն կլսի եւրոպական բոլոր դաշնակիցների տեսակետները ու այդ տեսակետները մանրամասն կքննարկի նրանց հետ։
Այս հայտարարություններին մեծ կարեւորություն են տալիս ու դրանց հետ մեծ հույսեր կապում եւրոպական երկրների ղեկավարները, ինչն արտահայտվեց Բայդընի խոսքից անմիջապես հետո նրա հետ Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի ու Մեծ Բրիտանիայի վարչապետի հանդիպումներով։
Կան հույսեր նաեւ Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները շտկելու հարցում։
Ինչպես Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասաց կիրակի օրը, ԱՄՆ-ի ռազմավարության մեջ փոփոխությունը կարող է հանգեցնել երկու երկրների միջեւ բանակցությունների։ Սակայն նա հորդորեց ԱՄՆ-ի ղեկավարությանը հրաժարվել Իրանի դեպքում Օբամայի արտասանած ՝՝մոտեցիր, առանց ճիպոտը ձեռքիցդ գցելու՛՛ արտահայտությունից բխող մոտեցումներից։
Գովելի է այն փաստը նաեւ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պատրաստ են քննարկել հրթիռային սպառնալիքի հարցը։ Ինչպես Ռուսաստանի փոխվարչապետ Սերգեյ Իվանովն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ, եթե ԱՄՆ-ը հրաժարվի Կենտրոնական Եւրոպայում հակահրթիռային համակարգ ստեղծելու իր ծրագրերից, Ռուսաստանը կհրաժարվի Լեհաստանի սահմանին միջուկային հրթիռներ տեղակայելու իր ծրագրերից։ Նա նաեւ գոհունակությամբ խոսեց զինաթափման շուրջ բանակցություններ սկսելու ԱՄՆ-ի վարչակազմի պատրաստակամության մասին։
Եթե ընդհանուր առմամբ բնութագրվի վեհաժողովը, կարելի է ասել, որ այն նոր մոտեցումների սկիզբ ազդարարող հանդիպում էր։
Մյունխենի վեհաժողովի 35Օ մասնակիցները գիտակցում են, որ համաշխարհային ներկա տնտեսական ճգնաժամը, կլիմայական փոփոխություններն ու համաշխարհային այլ մարտահրավերներ որեւէ երկիր, անկախ իր հզորությունից, չի կարող դիմակայել միայնակ, եւ դրանք հնարավոր է լուծել միայն միասնաբար։ Իսկ, թե ինչպես այդ բազմակողմ համագործակցությունը կարդարացնի իրեն, ցույց կտա Լոնդոնում ապրիլին անցկացվելիք Մեծ 2Օ-ի գագաթաժողովը, որը Մյունխենից հետո կդառնա առաջին ստուգարք