՝՝Օմիդ՛՛ անվանումը կրող արհեստական արբանյակը, որ Իրանն ուղարկեց տիեզերք, խորացնում է այս երկրի միջուկային ծրագրերի շուրջ հատկապես Վաշինգտոնի անհանգստություններն այնպես, ինչպես 1957 թվականին Խորհրդային Միության կողմից Սպուտնիկի արձակումը, երբ Արեւմուտքը կանգնեց Մոսկվայի կողմից միջուկային թիրախ դառնալու հնարավորության վտանգի առջեւ։
Մեծաթիվ վերլուծաբաններ են կարծում, որ Իրանն ունի ոչ միայն միջուկային զենքեր արտադրելու, այլ նաեւ՝ դրանք որպես հրթիռային մարտագլխիկներ օգտագործելու նպատակ։ Ոմանք դա բացատրում են Իրանի ինքնապաշտպանական դրդապատճառներով։
Ինչպես օրինակ միջուկային հետազոտություններով զբաղվող Վաշինգտոնի ՝՝Ploughshares՛՛ հիմնադրամի նախագահ Ջոզեֆ Սիրինսիոնին է ասում. ՝՝Միջուկային զենքը Իրանին հարկավոր է իր տարածքը պաշտպանելու համար։ Չէ որ Իրանը շրաջապատված է միջուկային այնպիսի պետություններով, ինչպես Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանն ու Հնդկաստանը։ Իրանը պիտի պաշտպանվի նաեւ Իսրայելից ու ԱՄՆ-ից՛՛, ասում է նա։
Իսկ ահա Իրանում հրթիռի արձակումը ԱՄՆ-ի Սպիտակ տանը համարում են վտանգավոր երեւույթ։
Խոսնակ Ռոբերտ Գիբսն ասում է, որ Իրանը չի կարող վստահեցնել, թե այս քայլով նպաստում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։
Դեռեւս 198Օ-ականներին ՝՝Երիքով 2՛՛ մակնիշի հրթիռներով Իսրայելն ուներ Իրանի որոշ հատվածներ հարվածի տակ առնելու կարողություն։ Իսկ այժմ Իսրայելն աշխատում է ավելի հեռահար հրթիռներ արտադրելու վրա։ Այդ իսկ պատճառով Իրանի ղեկավարներն ունեն միջուկային տերություն դառնալու հարցում արդարացումներ գտնելու միջոցներ։ Սակայն Իսրայելին կամ որեւէ այլ պետության միջուկային հարված հասցնելու կարողություններ ձեռք բերելու համար Իրանից դեռեւս տարիներ կպահանջվեն։ Այս կարծիքին է Գիտության եւ միջազգային անվտանգության հաստատության հիմնադիր Դեյվիդ Օլբրայթը։
Նրա խոսքերով, Իրանը դեռեւս պիտի կարողանա միջուկային մարտագլխիկներ տեղադրել բալիստիկ հրթիռների վրա։ Որքան փոքր է հրթիռը, այնքան ավելի մեծ են դժվարությունները, քանի որ այդ դեպքում փոքր պիտի լինի նաեւ մարտագլխիկը։ Իսկ մասնավորապես Իրանի նման երկրի համար փոքր մարտագլխիկ արտադրելը հեշտ չի կարող լինել։
Իրանն այս պահին շարունակում է Ռուսաստանի օգնությամբ Բուշերի ատոմակայանի կառուցման վերջնական աշխատանքները։ Կայանն արտաքնապես սովորական կառույց է։ Սակայն Նաթանզի ու Արաքի կառույցներն են, որոնք, ըստ Արեւմուտքի, շատ նման են միջուկային հաստատությունների։ Ու չնայած Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը Իրանի իշխանություններից չի ստացել այստեղ ստուգումներ անցկացնելու արտոնություն, Արեւմուտքը հավատացած է, որ Իրանը ծրագրում է իրականացնել միջուկային զենքերի համար անհրաժեշտ ուրանի հարստացման աշխատանքներ։
Իրանը, անտեսելով ԱՄՆ-ի ու Եւրոպական Միության հովանավորությամբ ՄԱԿ-ի երեք պատժամիջոցները, մերժում է միջուկային իր ծրագրերը դադարեցնելու նրանց պահանջները։
Վերլուծաբանների խոսքերով, դա կարող է տանել հարցը լուծելու երեք հնարավոր ուղղություններից մեկով։ Հնարավորություններից մեկը ռազմական հարձակումն է, ինչը կարող է ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրերը, սակայն կարող է դառնալ Մերձավոր Արեւելքում երրորդ պատերազմի պատճառ։ Մյուս ուղին պատժամիջոցներն են, ինչի արդյունավետությունը դեռեւս չի զգացվել։
Երրորդ ուղին Իրանի հետ բանակցելու ուղին է։ Փաստն այն է, որ Ամերիկան հետ է մնացել Եւրոպայից, որն արդեն իսկ բանակցային գործընթացի մեջ է Իրանի հետ։ Բայց չէ որ ԱՄՆ-ը այս հարցում կարող էր ունենալ կառուցողական դեր՝ ցանկության դեպքում։
Այժմ շատ բան է կախված Իրանի եկող ընտրություններից։ Արդյոք նոր իշխանություններն այս երկրում փակ կպահեն ԱՄՆ-ի դեմ իրենց սեղմած բռունցքը, թե կընդունեն բացելու դեպքում ԱՄՆ-ի մեկնած ձեռքին արժանանալու Բարաք Օբամայի առաջարկը։