Մատչելի հղումներ

Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին կիրակի օրն օծեց իր նոր առաջնորդին


Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին կիրակի օրն օծեց իր նոր առաջնորդին, որը դարձավ Խորհրդային Միության փլուզումից հետո աշխարհի ուղղափառ ամենամեծ այս եկեղեցու առաջնորդ օծված առաջին պատրիարքը։

Արարողությունն անցկացվեց Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու վերածննդի խորհրդանիշ Քրիստոս Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում։ Եկեղեցական վետերան դիվանագետ, եկեղեցում փոփոխություններ իրականացնելու ջատագով Կիրիլը այսպիսով դարձավ ռուսական եկեղեցու 16-րդ պատրիարքը։

Մայր տաճարը լցված էր եկեղեցական օրհներգությամբ, խնկի ծխով ու հավատացյալների մեծ բազմությամբ, երբ երեք ու կես ժամ տեւած արարողության ժամանակ 62 ամյա Կիրիլը, որպես արարողակարգ, անցավ հանդերձավորման մի քանի փուլով։


Ինչպես արարողության ավարտին երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասաց, սա մի արարողություն է, որը զարգացումների նոր մակարդակ է ապահովում ուղղափառ եկեղեցու առջեւ եւ ստեղծում Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու ու պետության միջեւ համերաշխության համար զարգացած երկխոսության նոր ուղիներ։
Կիրիլը Ռուսիո եկեղեցու առաջնորդ ընտրվեց անցած երեքշաբթի օրը՝ եկեղեցական խորհրդի հոգեւորիականների, վանականների եւ ընտրյալների խորհրդի կողմից, որի մեջ են մտնում նաեւ կառավարության պաշտոնյաներ ու նույնիսկ՝ գործարարներ։
Կիրիլը փոխարինում է Ալեքսի Երկրորդին, որը, եկեղեցին մոտ երկու տասնամյակ առաջնորդելուց հետո, իր մահկանացուն կնքեց դեկտեմբերի սկզբին։ Եկեղեցի, որը նա ղեկավարեց որպես հետխորհրդային առաջին պատրիարք, որի ընթացքում միլիոնավոր ռուսներ վերադարձան դեպի կրոնական իրենց արմատներն ու հավատքը։ Եկեղեցի, որն այսօր ունի 1ՕՕ միլիոն հետեւորդ Ռուսաստանում ու ամբողջ աշխարհում։


Կիրիլը ունի աշխարհում Ռուսաստանի դերի նկատմամբ խորն ազգայնական գաղափարներ եւ համոզված է, որ ռուսական քաղաքակրթությունը հիմնովին տարբեր է ու հակադիր՝ արեւմտյան պատկերացումներին։
Իր գործունեության ընթացքում մեծ ջանք է ներդրել եկեղեցու ազդեցությունը երիտասրարդների շրջանում տարածելու ուղղությամբ եւ պնդել, որ դպրոցական ծրագրերում մտցվեն կրոնական դասընթացներ։
Նա հայտնի է հասարակական իր ելույթներով, հեռուստատեսային հաղորդումներին իր մասնակցությամբ, աշխարհիկ հարցերում իր կարծիքը հաճախ հայտնելու հանգամանքով։


Շատերն են կարծում, որ եկեղեցու համար չափից ավելի ժամանակակից լինելու հանգամանքը եւ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու հետ մերձենալու հարցում նրա պատրաստակամությունը կարող է արժանանալ չափից ավելի պահպանողական թեւի կողմից խիստ ընդդիմության։

Որպես հմուտ քաղաքագետ եւ հին դիվանագետ, Կիրիլը շատերի կողմից համարվում է մի առաջնորդ, որն ավելի առնական տեսք կհաղորդի պետությանը 1ՕՕՕ տարի ծառայած ռուսական եկեղեցուն։
Հետխորհրդային սահմանադրության համաձայն, եկեղեցին պաշտոնապես անջատված է պետությունից։ Սակայն նրանց միջեւ կապերը սկսեցին ամրանալ Վլադիմիր Պուտինի կողմից 2ՕՕՕ թվականին նախագահության ղեկը ստանձնելուց հետո եւ Ռուսաստանում ազգայնական ու ազգայնամոլական դրսեւորումների վերելքի ներքո։


XS
SM
MD
LG