Մատչելի հղումներ

Ծովի մակարդակի բարձրացման բացասական ազդեցությունը


Ծովի մակարդակի բարձրացման բացասական ազդեցությունը
Ծովի մակարդակի բարձրացման բացասական ազդեցությունը

<!-- IMAGE -->

ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը մի շարք այլ գործակալությունների հետ համատեղ մի զեկույց է հրապարակել, որն անդրադառնում է ծովի մակարդակի բարձրացման ազդեցությանը ափամերձ տարածքների, բնակավայրերի, ինչպես նաև դրանցից կախված տեսակների վրա: “Ափամերձ տարածքների խոցելիությունը ծովի մակարդակի բարձրացման պայմաններում. միջատլանտյան տարածաշրջանի ուսումնասիրություն” կոչվող զեկույցն ափամերձ բնակավայրերի կառավարություններին և բնակիչներին ծովի մակարդակի բարձրացմանը նախապատրաստվելու և հարմարվելու բազմաթիվ տարբերակներ է առաջարկում:

Ծովի մակարդակի բարձացումը բազմաթիվ հետևանքներ կարող է ունենալ ափամերձ շրջաններում և բնակավայրերում: Հնարավոր հետևանքների թվում են` ցածրադիր հողատարածքների ջրով ծածկվելը, լողափերի ողողամաշումը, ճահճացած հողերի վերածումը ջրային տարածքների, ջրհեղեղների առավել հաճախակի առաջացումն ափամերձ տարածքներում, էստուարների և քաղցրահամ ջրատար շերտերի աղայնության մակարդակի բարձրացումը: Այս երևույթների պատճառները կարող են լինել բնական և մարդածին: Դրանք կարող են տարբերվել տարածաշրջանից տարածաշրջան: Ծովի մակարդակի բարձրացման որոշ հետևանքներ կարելի է տեսնել նաև ԱՄՆ-ի ափամերձ շրջաններում:

Համաշխարհային ծովի մակարդակի բարձրացման հիմնական պատճառը օվկիանոսների ջրերի շատացնում է, ինչն իր հերթին ջերմացման և սառցադաշտերի հալչելու արդյունք է: Ծովի մակարդակի բարձրացումը նաև կարող է պայմանավորված լինել ափամերձ հողատարածքների երկրաբանական կառուցվածքով: Ամերիկայի Միացյալ Նահանգների միջատլյանտյան շրջանը, օրինակ, ԱՄՆ-ի այն տարածքներից է, որոնց վրա ջրի մակարդակի բարձրացման ազդեցությունն ամենամեծը կլինի: Դա պայմանավորված է ջրի մակարդակի բարձրացումով, ափամերձ շրջաններում փոթորիկների հաճախականությամբ, ինչպես նաև բնակչության բարձր խտությամբ:

Այս զեկույցի նախապատրաստական աշխատանքներում առաջնային դեր է խաղացել ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը: Զեկույցում տեղ են գտել նաև Օվկիանոսի և մթնոլորտի հարցերով վարչական գործակալության և ԱՄՆ-ի երկրաբանական հարցախույզից ստացված տվյալները:

Զեկույցը ԱՄՆ-ի Կլիմայի փոփոխությունների գծով գիտական ծրագրի շրջանակներում իրականացված շուրջ 21 վերլուծական աշխատանքներից մեկն է: 2002թ. ստեղծված այս կառույցի նպատակն է գիտական տեղեկություններ ապահովել` կլիմայի և շրջակա միջավայրի համակարգերի փոփոխությունների ռիսկերի ու հնարավորությունների կառավարման նպատակով: Ծրագիրը նաև պատասխանատու է կլիմայի և համընդհանուր փոփոխությունների բնագավառում 13 դաշնային գործակալությունների գիտահետազոտական աշխատանքները համակարգելու և ներդաշնակեցնելու համար:

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել է. “Ամերիկան` որպես առաջնորդ, էական դեր կարող է խաղալ 21-րդ դարի մարտահրավերները հաղթահարելու հարցում: Այդ մարտահրավերներից թերևս ամենաառաջնայինը կլիմայի փոփոխությունների հետևանքներին դիմակայելու բարդ, անհապաղ և համընդհանուր խնդիրն է”:

XS
SM
MD
LG