Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաստատեց նախագահ Օբամայի ներկայացրած տնտեսության խթանիչ ծրագիրը


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը ձայների 244-ը 188-ի հարաբերությամբ հաստատեց նախագահ Բարաք Օբամայի ներկայացրած 819 միլիարդ դոլար արժողությամբ տնտեսության խթանիչ ծրագիրը։ Ըստ ծրագրի, 5ՕՕ միլիարդ դոլար կհատկացվի երկրի 5Օ նահանգների գործազուրկության ապահովագրական համակարգերին այն ժամանակ, երբ գործազրկության թիվը 1967 թվականից հետո հասել է իր բարձրագույն մակարդակին։ Այսօր ԱՄՆ-ում գրանցված է 5 միլիոն գործազուրկ, որոնց թիվն ամեն օր աճում է մոտ 22 հազարով։

Ավելի վաղ նույն օրը Օբաման իր ծրագիրը ներկայացրել էր երկրի գործարար աշխարհի ղեկավարներին ու հանդես եկել նրանց խրախուսելու հայտարարությամբ։
՝՝Սրանք այն մարդիկ են, ովքեր ստեղծում են աշխատանք ու աշխատատեղեր։ Սրանք այն մարդիկ են, ովքեր առաջինն են տեսնում մեր երկրի առջեւ կանգնած տնտեսական խնդիրները՛՛, ասաց նա հանդիպման ժամանակ։


Ավելի ուշ Սպիտակ տանն արտասանած իր խոսքում Օբաման ասաց, թե այդ գումարի զգալի մասն օգտագործվելու է անհապաղ՝ ստեղծելու համար երեքից չորս միլիոն աշխատատեղ։
Նրա խոսքերով, այս օրերին նույնիսկ ամենահաջողակ ձեռնարկությունները կձախողվեն՝ առանց Վաշինգտոնի գիտակից ղեկավարման։ Նա շեշտեց, որ գաղափարի հնչողությունը կախված չէ այն հանգամանքից, թե ով է ներկայացնում ծրագիրը, դեմոկրատները, թե՝ հանրապետականները։ ՝՝Եւ երբ գալիս է ամբողջ տնտեսությունը վերականգնելու ժամանակը, որեւէ մեկս չպետք է վատնի այդ ժամանակը՛՛, ասաց նա։


Քննարկումների ժամանակ հանրապետականները փորձում էին առաջ տանել իրենց ծրագիրը, ովքեր քվեարկությունից մի քանի ժամ առաջ հանդես եկան Օբամայի ծրագրի նկատմամբ քննադատությամբ։
Փոքրամասնության ղեկավար Ջոն Բոհների խոսքերով, խորը վերլուծության համաձայն, իրենց ծրագիրը Ամերիկայում կարող է ստեղծել 6 միլիոն 2ՕՕ հազար աշխատատեղ, ինչը, ասաց նա, երկու անգամ ավելի է, քան նախատեսում է Օբամայի ծրագիրը։


Այս քննարկումները կշարունակվեն ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի մյուս պալատում՝ Սենատում։
Կոնգրեսի ղեկավարները Օբամային խոստացել են փաստաթուղթն իր վերջնական տեսքով նրա սեղանին դնել փետրվարի կեսերին։

XS
SM
MD
LG