Մատչելի հղումներ

Թուրքիան ձգտում է “Նաբուկո” գազամուղի կառուցումն իրականություն դարձնել


Ռուսաստանից Եվրոպական Միություն մատակարարվող գազի ընդհատման արդյունքում Թուրքիան “Նաբուկո” գազամուղի նախագծով փորձում է խթանել իր դիրքերը` որպես գազի տարանցման այլընտրանքային ուղի: Սակայն նոր գազամուղի կառուցումը ենթադրում է բազմաթիվ խնդիրներ և ռիսկեր:

“Նաբուկո” գազամուղը, որի կառուցման համար միլիարդներ են անհրաժեշտ, Եվրոպայի ամենամեծ հույսն է`ռուսական գազից կախվածությունը սահմանափակելու նկատառումով:

Անցյալ ամառ Ռուսաստանի կողմից Վրաստանի ներխուժման և Մոսկվայի և Կիևի միջև վերջին հակասության պայմաններում Եվրոպական Միությունն սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացմանը:

Էներգառեսուրսների գծով փորձագետ Քեյթ Հարդինի կարծիքով, էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիան առանցքային կարևորություն ունի: "Ուկրաինայով եկող գազի ընդհատումը, կարծում եմ, եվրոպացիներին ստիպեց վերանայել իրենց կախվածությունը բնական գազի մեկ աղբյուրից: Եվ չնայած այն հանգամանքին, որ այժմ մի քանի աղբյուրներ կան` Ալժիրը, Լիբիան, Ռուսաստանը, հեղուկ բնական գազի պաշարները`կարծում եմ, նրանք գիտակցել են, որ առավել բազմազան աղբյուրներ են անհրաժեշտ: Այս առումով Թուրքիայի դերը` որպես Եվրոպա եկող գազի կամուրջ, մեծ դեր կարող է խաղալ”, նշել է Քեյթ Հարդինը:

“Նաբուկո” գազատարի նախորոշված ուղին հետևյալն է. Կասպից ծովից Թուրքիա և այնուհետև Բուլղարիայի, Ռումինիայի և Հունգարիայի տարածքով տարանցում դեպի Եվրոպա:

Նախիկինում էներգետիկ հարցերով թուրք պաշտոնյա Միթհաթ Մենդեյի կարծիքով, էներգիայի այլընտրանքային ուղիների անհրաժեշտությունն ապագայում էլ ավելի կմեծանա: "Մինչև 2030թ. Եվրոպայում բնական գազի սպառումն առնվազն 70 տոկոսով կաճի: Կարծում եմ, մեր աշխարհագրական դիրքը և մեր կարողությունները մեզ թույլ կտան նպաստել Եվրոպայի էներգետիկ ռեսուրսների մատակարարման անվտանգությանը: Այս առումով, Նաբուկոն ամենացայտուն օրինակն է”, ասել է նա:

Թուրքիան իր դերը` որպես Եվրոպայի էներգետիկ կամուրջ, գնահատում է որպես Եվրոպական Միության անդամակցության բանակցություններին նպաստող կարևոր հանգամանք: Սակայն Թուրքիայի անդամակցության շուրջ 2005թ. սկսված բանակցություններում առաջընթաց չի արձանագրվել` հաշվի առնելով Կիպրոսի հունական կառավարության մտահոգությունները: Կիպրոսի կառավարությունը խոչընդոտում է անդամակցության հայտի էներգառեսուրսներին վերաբերող բաժնի շուրջ բանակցությունները, որը անդամակցության համար անհրաժեշտ 35 բնագավառներից մեկն է:

Այս շաբաթվա սկսբին Բրյուսել կատարած այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանն նախազգուշացրել է, որ կարող է վերանայել Թուրքիայի աջակցությունը “Նաբուկո” գազամուղի նածագծին, եթե անդամակցության հայտի շրջանակներում շարունակվի էներգառեսուրսներին վերաբերող բաժնի շուրջ բանակցությունների խոչընդոտումը:

Այս նախազգուշացումն արժանացել է եվրապական քաղաքական գործիչների զայրույթին: Գերմանիայի նախարարներից մեկը նույնիսկ Թուրքիային մեղադրել է գազամուղի հարցում Եվրոպային շորթելու մեջ:

Եվրոպայի նման խիստ գնահատականից հետո պարոն Էրդողանը, կարծես, մեղմել է իր դիրքորոշումը` ասելով, որ Թուրքիան երբեք չի խոչընդոտի գազամուղի նախագծի իրականացմանը:

Սակայն վերլուծաբաններն ասում են, որ չնայած այս խոստմանը, եվրոպական ղեկավարները դեռևս որոշակի մտահոգություններ ունեն: Որոշ տվյալների համաձայն` Անկարան պահանջում է առավել բարձր տարանցման գին և գազի որոշակի մաս օգտագործելու և ոչ միայն պարզապես տարանցելու իրավունք:

Մինչդեռ Թուրքիայի Էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը հայտարարել է, որ Թուրքիան հակված է հարթեցնելու հակասությունները: Նա նաև նշել է, որ բնական գազի մատակարարման վերջին ճգնաժամը ցույց է տվել, որ Թուրքիայի պնդումն առ այն, որ “Նաբուկո” նախագիծը պետք է վերջնական տեսքի բերվի, հիմնավորված են:

Էներգիայի մատակարարման խողովակաշարերի կառուցումը ինժեներական մեծ ձեռքբերումներ են, սակայն “Նաբուկո” գազամուղի դեքպում ամենամեծ ձեռքբերումը կլինի նախագծի ապաքաղաքականացումը:

XS
SM
MD
LG