Մատչելի հղումներ

Թուրքիայում շարունակվում են բռնի հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքներով ձերբակալությունները


Ներքին նոր զարգացումներ են տեղի ունենում Թուրքիայում, որոնք, չնայած դանդաղ կերպով, սակայն սկսում են գրավել աշխարհի ուշադրությունը։ Կիրակի օրն այս երկրում ձերբակալվեց եւս 14 մարդ, ովքեր մեղադրվում են ծայրահեղ ազգայնամոլական մի կազմակերպության անդամներ լինելու մեջ։

՝՝Էրգենեքոն՛՛-ը գաղտնի կազմակերպություն է, որն անմիջական կապեր ունի երկրի աշխարհիկ սկզբունքների պաշտպան զինված ու անվտանգության ուժերի հետ։

Շաբաթավերջին ահաբեկչության դեմ պայքարող Ստամբուլի դատարաններից մեկը օրինական իշխանությունները տապալելու մեղադրանքով ձերբակալել էր եւս 18 անձանց, որոնց մեջ են ոստիկանության նախկին մի ղեկավար եւ բանակի ներկա 4 հրամանատարներ։ Մինչ այժմ, ընդհանուր առմամբ, նույն մեղադրանքով կալանավորվել է 1ՕՕ մարդ։ Մեղադրող կողմը հայտարարում է, թե զինված հարձակումներ իրականացնելու եղանակով նրանք 2ՕՕ9 թվականին ծրագրում են ռազմական հեղաշրջում Թուրքիայում՝ տապալելու վարչապետ Էրդողանի մահմեդական արմատներ ունեցող կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության իշխանությունը։


Մի քանի օր առաջ Թուրքիայի զինված ուժերի հրամանատար գեներալ Իլքեր Բասբուքն, այսպես ասած, ճգնաժամային բանակցություններ է անցկացրել վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, ինչը, ակնակալելով քաղաքական ճգնաժամ, առաջ է բերել խուճապ նաեւ տնտեսության բնագավառում ու մեծապես վնասել Եւրոպական Միության թեկնածու Թուրքիայի դրամական շուկայն այն պահին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամն արդեն իսկ մեծապես ազդել էր այս երկրում ներդրումների ծավալների վրա, այն պահին, երբ Եւրոպական Միությունը պահանջում է նվազագույնի հասցնել այս երկրի քաղաքական կյանքում բանակի դերը։


՝՝Արդյո՞ք վախենում եք Թուրքիան ավելի թափանցիկ երկիր դառնալու հանգամանքից, արդյո՞ք չեք ուզում, որ Թուրքիան գնա փոփոխությունների ուղով՛՛, կիրակի օրը գոչել էր վարչապետ Էրդողանը՝ դիմելով Աթաթուրքի այն հետեւորդներին, ովքեր հավատացած են, որ միայն զինվորական հեղաշրջմամբ կարելի է պաշտպանել երկրի աշխարհիկ սկզբունքները, նրանց, ովքեր հավանաբար մոռանում են, որ մահմեդական արմատներ ունեցող Արդարություն եւ զարգացում կուսակցության կողմից վերահսկվող կառավարությունը շատ ավելի ժողովրդավարական քայլեր է իրականացրել երկրում, քան նախկին աշխարհիկները։
Եւ այսպես, Թուրքիայում խորանում են հակասությունները աճող մահմեդական դասակարգի ու աթաթուրքական աշխարհիկների, հանձինս բանակի միջեւ, որը Աթաթուրքին հավատարմության դրոշի ներքո 1971 եւ 8Օ թվականներին իրականացրել է հեղաշրջումներ, 97-ին՝ պարտադրել կառավարության հրաժարական։


՝՝Էրգենեքոն՛՛ կազմակերպությունը եւ նրան հովանավորող բանակն ու անվտանգության ուժերը գոհ չեն, օրինակ, քրդերին ու այլ փոքրամասնությունների որոշ իրավունքներ շնորհելու հանգամանքից եւ չեն կարողանում մոռանալ այն փաստը, որ իրենց չհաջողվեց երկրի Սահմանադրական դատարանի միջոցով 2ՕՕ8 թվականին արգելել Էրդողանի ու նախագահ Գյուլի կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը։
Եւ քաղաքական այս հակամարտությունը Թուրքիայում կարծես վերածվում է ճգնաժամի։

XS
SM
MD
LG