Մատչելի հղումներ

Գազայի գոտում անցած երկու շաբաթների ընթացքում զոհվել է ավելի քան 7ՕՕ պաղեստինցի


Գազայի գոտում Իսրայելի կողմից ցամաքային հարձակումներ սկսվելուց հետո երկու օրերի ընթացքում այստեղ սպանվել է եւս 13Օ պաղեստինցի՝ անցած երկու շաբաթների ընթացքում զոհերի թիվը հասցնելով 7ՕՕ-ի, տարածք, որը 38 տարի բռնակցելուց հետո, 2ՕՕ5 թվականին Իսրայելը հետ հանձնեց պաղեստինցիներին ու այստեղից հեռացրեց հրեա 8ՕՕՕ վերաբնակների՝ հուսալով բարելավել հարաբերությունները պաղեստինցիների հետ։ Սակայն անցած ամիսներին պաղեստինյան Համաս մահմեդական արմատական խմբավորման կողմից դեպի Իսրայել իրականացվող հրթիռային հարձակումները ստիպեցին Իսրայելի իշխանություններին գնալ շատ խիստ պատասխանի՝ 1.5 միլիոն բնակչություն ունեցող այս հատվածը ենթարկելով օդային ուժեղ հարձակման, ապա՝ ցամաքային գրոհների, ինչին 2ՕՕ7-ի լիբանանյան գործողությունների ժամանակ իր կրած անհաջողությունից հետո, Իսրայելը պատրաստվում էր արդեն երկու տարի։

Սակայն ինչպես շատերն են ենթադրում, այս գործողությունները նաեւ ունեն ներքաղաքական հենք, քանի որ Իսրայելը պատրաստվում է փետրվարի 1Օ-ի համընդհանուր ընտրություններին։ Իսկ հաջողությունները ճակատում կարող են ապահովել ներկա իշխանությունների հաջողությունն ընտրություններում։ Նրանք այսօր հայտարարում են, թե գործողությունները կավարտվեն միայն այն ժամանակ, երբ Իսրայելի հարավային քաղաքներն ազատվեն պաղեստինցիների հրթիռային հարձակումներից։ Այսօր տարբերությունն արդեն իսկ նկատելի է։ Եթե նախկինում Իսրայելի ուղղությամբ էր ամեն օր արձակվում մի քանի տասնյակ հրթիռ, երեքշաբթի օրն արձակվել էր միայն 15-ը։

Միջազգային համայնքը փորձում է կողմերին տանել դեպի հրադադար։ Այդ առաքելությամբ է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մեկնել տարածաշրջան, որտեղ հանդիպումներ է ունենում Իսրայելի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի ու պաղեստինյան տարածքների ղեկավարների հետ։

Իսրայելի հուժկու գործողություններն առաջ են բերել զայրույթի մեծ ալիք ոչ միայն արաբական աշխարհում, այլ նաեւ Իսրայելի դաշնակից մի շարք երկրներում, ինչպես օրինակ Եգիպտոսում, Հորդանանում ու Թուրքիայում։
Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունն այս գործողությունները համարում է անընդունելի ու միջամտության կոչ հղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Թուրքիան, ի բողոք, նաեւ հրաժարվել է Իսրայելի ու Սիրիայի միջեւ ընթացող անուղղակի բանակցություններում ստանձնած միջնորդի իր դերից։

Իսկ երեքշաբթի օրը, երբ աշխարհի ուղղափառ եկեղեցին նշում էր Սուրբ Ծնունդը, Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմի Սուրբ Ծննդոց եկեղեցու մոտ մարդիկ բողոքում էին Գազայի գոտում Իսրայելի գործողությունների դեմ, վանկարկելով հակաիսրայելյան կոչեր, հուսալով, որ Աստված կօգնի վիրավորներին, պահանջում Աստծուց պաշտպանել պաղեստինցի ժողովրդին։
Ենինի բողոքի ցույցին մասնակցում էին երեխաներ ի աջակցություն Գազայի ժողովրդի ու կոչ անում նրանց չհանձնվել։

XS
SM
MD
LG