Մատչելի հղումներ

Բարակ Օբաման դիմակայում է լուրջ խնդիրներ միջազգային եւ ներքին քաղաքականության բնագավառում


Նորընտիր նախագահ Բարակ Օբաման ավարտելով իր արձակուրդը Հավայան կղզիներում վերադարձել է Չիկագո, որից հետո նրա ընտանիքը կհաստատվի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նոր նախագահի պաշտոնում Օբաման կկանգնի միջազգային եւ ներքին լուրջ մարտահրավերների առջեւ։
՛՛Մենք ազդեցիկ ծրագրերի կարիքն ունենք, որոնք կվերականգնեն տնտեսության կենսունակությունը՛՛, ասել է Բարակ Օբաման։


Առաջնայինը Կոնգրեսին համոզելն է, որ նեցուկ կանգնի, տնտեսագետների հաշվարկներով, մեկ տրիլիոն դոլարի հասնող մի փաթեթի, որը տնտեսությունը դուրս կբերի գնալով խորացող տնտեսական հապաղումից։ Այդ փաթեթի օգտին օրենսդիրների հավանությունը ձեռք բերելու համար նախագահից կպատանջվեն մեծ ջանքեր, որոնք կսկսվեն, երբ Օբաման, հունվարի հինգին, հանդիպի կոնգրեսի ղեկավար անդամների հետ։


՛՛Կոնգրեսը պատրաստ է գումարներ հատկացել բարեփոխումների իրագործմանը։ Օբաման իրապես կարող է նախաձեռնել ազդեցիկ տնտեսական քայլեր, որոնց թվում նաեւ առողջապահության բնագավառի բարեփոխումներ՝՝, ասել է Էյ Բի Սի հեռուստակայանի քաղաքական մեկնաբան Քոքի Ռոբերտսը։


Երկրի ներսում առկա մարտահրավերներից է նաեւ կրթության բնագավառի բարելավումն ու արտասահմանյան նավթից Միացյալ Նահանգների կախվածության նվազեցումը, բնապահպանությանը նպաստող այլընտրանքային տեխնոլոգիաների մշակման միջոցով։


Մերձավոր Արեւելքում վերջերս տեղի ունեցող իրադարձությունները նույնպես կարեւոր տեղ կզբաղեցնեն նորընտիր նախագահի օրակարգում։ Բռնությունները գնալով սաստկանում են Իսրայելի ու պաղեստինյան Համաս խմբի միջեւ։

Մարտահրավերների թվում են նաեւ Պակիստանում ծայրահեղական խմբավորումների չեզոքացումն ու Իրաքում եւ Աֆղանստանում շարունակվող պատերազմները։
Քաղաքական վերլուծաբանների համաձայն տնտեսական խնդիրների լրջությունը հավանաբար կպահանջի, որ նորընտիր նախագահը հրաժարվի նախկինում արած իր որոշ խոստումներից, ինչպիսին էր օրինակ տարեկան 25Օ,000 դոլարից ցածր եկամուտ ունեցողների հարկերը չբարձրացնելու խոստումը։

XS
SM
MD
LG