Մատչելի հղումներ

Օբաման հերքել է Իլինոյսի նահանգապետի հետ անպատշաճ կապերի մասին հայտարարությունները


Իլինոյսի նահանգապետ Ռոդ Բլագոյեւիչը շարունակում է պաշտոնավարությունը, հակառակ այն բանի, որ մեղադրվում է ԱՄՆ-ի սենատում Բարակ Օբամայի թափուր մնացած տեղը վաճառելու մեջ։

՛՛Մեր գրասենյակը ներգրավված չէ Սենատում թափուր մնացած իմ տեղին առնչվող որեւէ գործարքի՛՛, ասել է Օբաման։

Ավելի վաղ Միացյալ նահանգների գլխավոր դատախազ Փաթրիկ Ֆիցջերալդը հաստատել էր, թե նորընտիր նախագահ Օբաման Բլագոյեւիչի դեմ հարուցված մեղադրանքի մաս չի կազմում։ Միաժամանակ, Օբաման հայտարարել է, թե ինքը անցումային շրջանի իր աշխատախմբին հանձնարարել է տեղեկություններ հավաքել նահանգապետ Բլագոյեւիչի գրասենյակի հետ բոլոր անցյալ կապերի մասին եւ հրապարակել դրանք։

Ակնկալվում է, որ Իլինոյսի օրենսդիրները կհանդիպեն քննարկելու համար Օբամայի թափուր մնացած տեղին նոր սենատոր նշանակելու իրավասություններից Բլագոյեւիչին զրկելու հարցը։

Օբաման լրագրողներին հայտնել է, թե ինքը չի վստահում Բլագոյեւիչի կարողությունները նահանգապետի պաշտոնում։

՛՛Հուսով եմ որ նահանգապետը անձամբ որոշում կկայացնի պաշտոնից հեռանալու մասին եւ հրաժարական կտա՛՛, ասել է Օբաման։

Բլագոյեւիչը նորագույնն է Իլինոյսի նահանգի այն քաղաքական գործիչների ցանկում, ովքեր մեղադրվում են կոռուպցիայի մեջ, հեղինակազրկելով այդ նահանգի ամբողջ քաղաքական համակարգը։

Կարծում եմ, թե Իլինոյսում, ինչպես նաեւ ամբողջ Ամերիկայում, իշխում են երկու տեսակետներ քաղաքականության մասին։ Տեսակետներից մեկի համաձայն, քաղաքականության մեջ մուտք գործող անձինք ինքնազոհ կերպով հանրությանը ծառայելու նպատակ են հետապնդում, իսկ մյուս տեսակետի համաձայն, քաղաքականությունը բիսնես է եւ քաղաքական գործիչները պաշտպանում են իրենց սեփական շահերը։

Բլագոյեւիչի գործն այժմ հետաքննության փուլում է, սակայն նա շարունակում է հերքել իր դեմ հարուցված մեղադրանքները։

XS
SM
MD
LG