Մատչելի հղումներ

Վրացական խնդրի ապագան ԱՄՆ-ի նոր վարչակազմի օրոք


Վրաստանի խնդիրն այսօր դարձել է միջազգային ամենաբարձր ատյանների քննարկման ամենակարեւոր հարցերից մեկը։ Վրացական պատերազմը դարձավ Հելսինկիում ԵԱՀԿ-ի հանդիպման կենտրոնական թեման։ Նախորդ օրը այն Բրյուսելում ՆԱՏՕ-ի հանդիպման ուշադրության կենտրոնում էր։
Ռուս-վրացական հակամարտությունը, Վրաստանի ներքին քաղաքական կացությունը եւ այս խնդիրը լուծելու գործում օտար երկրների, մասնավորապես նոր վարչակազմի օրոք ԱՄՆ-ի դերի շուրջ քննարկումներ են տեղի ունենում Վաշինգտոնի տարբեր շրջանակներում, այդ թվում՝ վերլուծական կենտրոններում։


Վաշինգտոնի Ուուդրոու Ուիլսընի անվան միջազգային կենտրոնում այդ հարցերն էին չորեքշաբթի օրը քննարկվում Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի մասնակցությամբ։
Ֆրանսիայում ծնված, որպես Ֆրանսիայի դիվանագետ Հռոմում, ՄԱԿ-ում, Բրյուսելում ու Վաշինգտոնում ծառայած, ապա՝ որպես Վրաստանում Ֆրանսիայի դեսպան, 2ՕՕ4-ից նախագահ Սահակաշվիլիի կողմից Վրաստանի արտգործնախարարի պաշտոնում նշանակված Զուրաբիշվիլին կարծում է, որ Վրաստանը պիտի լինի ԱՄՆ-ի նոր վարչակազմի ամենակարեւոր մարտահրավերներից մեկը։ Մի երկիր, որը նրա խոսքերով, վարդագույն հեղափոխությունից որոշ ժամանակ անց դուրս եկավ ժողովրդավարության ուղուց, երկիր, որտեղ չկա ազատ մամուլ, որտեղ վերջին երկու ընտրությունները հեռու էին ազատ ու արդար կոչվելու իրավունքից, երկիր որտեղ չի գործում արդարադատության արդար համակարգ։


՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նա ասում է, թե. ՝՝Սահակաշվիլիի վարչակազմի ամենամեծ սխալն այն էր, որ այն չհենվեց ժողովրդավարական սկզբունքների վրա։ Իսկ եթե չես դառնում գրավիչ երկիր, հակամարտ տարածքներում մարդիկ իրենց ուշադրությունը շեղում են դեպի ավելի հզորը, ինչը եւ արեցին Աբխազիան ու Հարավային Օսիան՝ դեպի Ռուսաստան թեքվելով՛՛։


Նա գտնում է, որ չափազանց մեծ սխալ էր նաեւ հակամարտ գոտիներում ռազմատենչ բարձրագոչ ու ՝՝դատարկ՛՛ հայտարարություններով հանդես գալու հանգամանքը։
՝՝Չկար նաեւ երկխոսություն Վրաստանի հասարակության հետ, ինչը անորոշ իրավիճակ էր ստեղծում ոչ միայն Վրաստանում, այլ նաեւ՝ հակամարտ տարածքներում՛՛, ասում է նա։

Թե որն է լինելու Սահակաշվիլիի ամենաառաջնային խնդիրը հարցին, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանում է, ասելով, թե նրա առաջնային խնդիրն ու նպատակն իր իշխանությունը պահպանելն է։

՝՝Սակայն չեմ կարծում, որ նա պիտի կարողանա փրկել իր քաղաքական դիրքը, քանի որ տանուլ է տվել բոլոր այն բնագավառներում, որոնց մասին մեծ խոստումներ էր տալիս իշխանության գալուց անմիապես հետո՛՛։

Ռուսաստանի հետ հակամարտությունը ու Վրաստանում ներկայումս տիրող իրավիճակը հետեւանքն են այն բանի, որ կարեւոր յուրաքանչյուր որոշում ընդունվում էր միայն նախագահի կամ նրան շրջապատող մի փոքր խմբի կողմից, ասում է Վրաստանի նախկին արտգործնախարարը ու շեշտում, որ վրաց-ամերիկյան հարաբերությունները չպետք է հիմնվեն անձնական կապերի վրա։ Դա էր նաեւ պատճառը Սահակաշվիլիի սխալ քայլերի, գտնում է Զուրաբիշվիլին։

XS
SM
MD
LG